Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է ռուսական «Առաջին ալիք» հեռուստաալիքով հեռարձակված հակահայկական հաղորդմանը, որի ընթացքում ադրբեջանցի լրագրող Իրադա Զեյնալովան, խոսելով Մաքսային միությանը Հայաստանի միանալու խնդրի մասին, հայտարարել էր. «Ի սկզբանե Մաքսային միությունը հավասար պարտավորություններ կատարող երկրների միություն է, ուստի այդ կառույցին միանալու` Հայաստանի ցանկությանը պատասխանել են, որ մոտակա հեռանկարում դա այդպես էլ կմնա ցանկություն՝ Ադրբեջանի հետ ԼՂ հարցի շուրջ ունեցած չլուծված տարածքային հարցի պատճառով»:
Հաղորդումը բուռն դժգոհություն էր առաջացրել հայ հանրության շրջանում, հասունանում էր նույնիսկ բողոքի նոտայով դաշնակից երկրի արտգործնախարարությանը դիմելու գաղափարը: Եվ մինչ մեր արտգործնախարարության անգործության պարագայում դաշնակից երկրի պաշտոնական շրջանակներից ոչ մի մեկնաբանություն կամ ներողություն չի հնչում, իսկ հասարակական կարծիքը շարունակում է մնալ բորբոքված, արտգործնախարարի տեղակալ Շ. Քոչարյանը հանգիստ հայտարարում է, որ Ռուսաստանի իշխանություններն «անընդունելի են համարել այդ հաղորդումը ու այդ մասին պաշտոնապես տեղեկացրել արտգործնախարարության խողովակներով»: Զավեշտալի բան է ստացվում` պաշտոնական այնպիսի խողովակով, ինչպիսին է «Առաջին ալիք» հեռուստաալիքը, հրապարակավ հնչում է մեր երկրի համար խիստ աննպաստ հայտարարություն, որով ոչ միայն կասկածի տակ է դրվում մեր արտաքին քաղաքական կուրսի վերջին փոփոխությունների, այլև դաշնակից երկրի վերաբերմունքի լրջությունը, և փոխանակ հենց նույն եղանակով՝ հրապարակավ խնդիրը մեկնվի, փոխանակ դա արվի հենց ՌԴ արտգործնախարարության ու նույնիսկ արտգործնախարարի մակարդակով, մեր արտգործնախարարի տեղակալը հասարակական կարծիքը հանգստացնում է ինչ-որ… խողովակներով, որոնց ո՛չ ինչ լինելն է հայտնի, ո՛չ էլ, մանավանդ, ով լինելը:
Զարմանալի դնջություն ու մնջություն է համակել արտգործնախարարությանն ու նրա մամուլի ծառայությանը, եթե հանրությանը հուզող ամենակարևոր հարցը թողնում են անպատասխան՝ այն դեպքում, երբ իրենք, իբր թե, պատասխան ստացել են: Շ. Քոչարյանի ասած՝ «խողովակներով»: Բա ինչո՞ւ մինչև Շավարշի բեմելը ձայն չէիք հանում, բա ո՞ւր մնաց ձեր ու ձեր վարչապետի գոված աշխատանքի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Թե՞ «խողովակը» շատ հաստ է, չի թափանցում:
Եվ չնայած այս ամենին՝ հանրությունը սպասում է Շավարշի խողովակների բացահայտմանը՝ պաշտոնական հաղորդման տեսքով, քանի որ խիստ կասկածներ ունի այդ խողովակների վերաբերմամբ ընդհանրապես: Այնպես որ` հարգելի' փոխարտգործնախարար և արտգործնախարարության մամուլի ծառայություն, մնանք ձեր «խողովակին» սպասող:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ