կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-13 14:15
Հասարակություն

ՀՀ առողջապահությունը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել Մրցունակության համաշխարհային զեկույցում

ՀՀ առողջապահությունը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել Մրցունակության համաշխարհային զեկույցում

Հայաստանը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել Մրցունակության համաշխարհային զեկույցի 4-րդ` «Առողջություն և տարրական կրթություն», սյունակում ներառված ցուցանիշների բարելավման ուղղությամբ. հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Մալարիայի դեմ պայքարի միջոցառումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 2011 թվականին ճանաչվել է որպես մալարիայից ազատ գոտի: Մեր երկրի տարածքում մալարիայի դեպքեր չեն արձանագրվում։ Ներկայումս իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թվականների պետական ծրագիրը։ Մալարիայի տարածվածության և գործարար ոլորտի ազդեցության ցուցանիշների առումով Հայաստանի Հանրապետությունն առաջատար դիրքում է:

 

Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների շնորհիվ շարունակաբար բարելավվում է տուբերկուլոզով հիվանդների վաղ հայտնաբերումն ու բուժումը: Տուբերկուլոզային ծառայությունների բարձր մատչելիության ու տարածքային հասանելիության շնորհիվ հիվանդության վաղ շրջանում առավել արդյունավետ բուժում է իրականացվում, ինչը նպաստում է վարակի տարածման կանխարգելմանը: Այդ ամենի շնորհիվ նվազել է տուբերկուլոզով հիվանդացության ցուցանիշը (55` 73-ի փոխարեն)` ՀՀ դիրքը բարելավելով 6 նիշով (76` 82-ի փոխարեն)։ Բարելավվել է նաև տուբերկուլոզի գործարար ոլորտի վրա ազդեցության ցուցանիշը` բարելավելով ՀՀ դիրքը 10 նիշով ( 76` 86-ի փոխարեն):

 

Մանկական մահացության ցուցանիշի 19,6-ից 15,6 նվազման շնորհիվ ՀՀ դիրքը բարելավվել է 5 կետով (78` 83-ի փոխարեն): Երեխաների առողջության բարելավման և մանկական մահացության նվազեցման խնդիրը առաջիկայում ևս կշարունակի մնալ նախարարության գերակայությունների շարքում: Ձեռնարկվում են նոր միջոցառումներ այդ ոլորտում ձեռք բերված ծրագրային հաջողությունների պահպանման և հետագա զարգացումներ ապահովելու ուղղությամբ:

 

Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված աշխատանքների շնորհիվ կյանքի տևողության ցուցանիշը նույնպես բարելավվել է, սակայն այն դեռևս աննշան է, որի պատճառով ՀՀ դիրքի բարելավում չի նկատվել, ընդհակառակը` Հայաստանի Հանրապետությունը զիջել է իր դիրքը 7 կետով: Այս ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը միջոցառումներ է իրականացնում մահացության կառուցվածքում մեծ տեղ զբաղեցնող ոչ վարակիչ հիվանդությունների առաջնային կանխարգելման և առողջության առաջնային պահպանման ուղղությամբ։ Բացի այդ, շուտով կներդրվի առավել տարածված երեք հիվանդությունների` սիրտանոթային, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի երկրորդային կանխարգելմանն ուղղված սկրինինգ ծրագրեր բնակչության ռիսկային խմբերում։ Դրանց շնորհիվ հիվանդությունները կհայտնաբերվեն վաղ շրջանում, ինչը կնպաստի բուժման արդյունավետության բարձրացմանը և մահացության նվազեցմանը: Սկրինինգ ծրագրերին զուգահեռ կիրականացվի բնակչության իրազեկում ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի գործոնների վերաբերյալ:

 

ՄԻԱՎ տարածվածության ցուցանիշի աճով պայմանավորված Հայաստանն իր դիրքը զիջել է 24 կետով (45` 21–ի փոխարեն): Միաժամանակ գործարար ոլորտի վրա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազդեցությամբ Հայաստանի դիրքը բարելավել է 14 կետով:

 

ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ին հակազդման ծրագրի իրականացման արդյուքնում 2007թ.-ից ի վեր հանրապետությունում ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում ստացած հղիներից ծնված երեխաների շրջանում մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման որևէ դեպք չի արձանագրվել, 2001թ.-ից ի վեր չի արձանագրվել դոնորական արյան միջոցով փոխանցման ոչ մի դեպք, ավելացել է բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների թիվը, ինչպես նաև մեծացել է բուժման ծածկույթը: Եթե 2009 թվականին հակառետրովիրուսային բուժում էր ստանում 179 մարդ, ապա 2012թ.-ին նրանց թիվն ավելացել է 2,5 անգամ` հասնելով 449-ի: ՄԻԱՎ վարակակիրների հայտնաբերման, արձանագրման, օպորտունիստական վարակների բուժման ցուցանիշի շեշտակի աճի և հակառետրովիրուսային բուժման մեջ ընդգրկվածության բարձրացման արդյունքում ավելացել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը, աճել է ՄԻԱՎ-ի տարածվածության ցուցանիշը:

 

Ի դեպ, Գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կողմից Հայաստանի Հանրապետությունում ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի երկրորդ փուլի (2012թ. հոկտեմբեր – 2013թ. մարտ) կատարողականը գնահատվել է գերազանց` արժանանալով А1 գնահատականի (100%-ից բարձր կատարողական), ինչը զգալի առաջընթաց է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի B1-ի (60-89% կատարողական) նկատմամբ: 2012թ. հոկտեմբեր– 2013թ. մարտ ժամանակահատվածում ծրագրի կատարողականի 8 ցուցանիշից 7-ի դեպքում ակնկալիքները գերազանցվել են: