կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-12 21:40
Տնտեսական

Կառավարությունը նախատեսում է բարելավել Հայաստանի դիրքը Գլոբալ մրցունակության ինդեքսում

Կառավարությունը նախատեսում է բարելավել Հայաստանի դիրքը Գլոբալ մրցունակության ինդեքսում

 

Կառավարության վաղվա նիստի օրակարգում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներառել է որոշում` հաստատել գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին հարցը:

Կառավարության համապատասխան որոշմամբ ամրագրված է «Գործարար միջավայրի և տնտեսական զար­գաց­ման այնպիսի քայլերի իրականացում, որոնք 2017թ. արդյունքներով կապա­հովեն Համաշ­խար­հային տնտե­սական ֆո­րումի գլոբալ մրցունա­կության ինդեքսում (Global Competitiveness Index) և Համաշ­խար­հային բանկի գործարա­րութ­յամբ զբաղ­վելու (Doing Business) վարկա­նիշում կհան­գեց­նեն ՀՀ դիրքի բարելավ­ման՝ առնվազն 4 կետով» միջոցառումը:

Գլոբալ մրցունակության ինդեքսը (ԳՄԻ) ըստ երեք ենթաինդեքսների 12 հենասյուներում խմբավորված ավելի քան 100 ցուցանիշների միջո­ցով գնահատում է երկրների ինստի­տուտ­ների և ենթակառուցվածքների որակը, մակ­րոտնտեսական միջավայրը, առողջապահության և տարրական կրթության, բարձ­րա­գույն կրթության և վերապատրսատման ոլորտներում առաջընթացը, ապրանքների և աշխատուժի շուկաների արդյունավետությունը, ֆինան­սական շուկաների խորությունը, շուկայի չափը, տեխ­նո­լո­գիական պատրաստվա­ծությունը, նորարարության և կատարելագործվածության գործոնները:

2016 թվականի սեպտեմբերին Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապա­րակվեց 2016-2017թթ. Գլոբալ մրցունակության զեկույցը, որի համաձայն Հայաստանը, դասվելով արդյունավետության վրա հիմնված փուլի երկրներին, ԳՄԻ-ում 138 երկրների շարքում զբաղեցրել է 79-րդ տեղը` արձանագրելով 3 դիրքով առաջընթաց նախորդ տարվա համեմատ: Գնահատված ԱՊՀ երկրների շարքում (հաշվի առնելով նաև Վրաստանին) Հայաստանը 6-րդ տեղում է, իսկ հարևան երկրների մեջ զբաղեցնում է վերջին տեղը:

ԳՄԻ երեք ենթաինդեքսներից երկուսի գծով` «Արդյունավետության խթաններ» և «Նորարարության և կատարելագործվածության գործոններ», արձանագրվել է առաջընթաց համապատասխանաբար 4 և 20 տեղով, իսկ «Հիմնական պահանջներ» ենթաինդեքսի գծով` հետընթաց 2 տեղով:

Նախորդ տարվա համեմատ երկիրն առաջ­ընթաց է ունեցել 12 հենասյու­ներից 9-ի գծով, մասնավորապես` «Ինստիտուտներ» (Դիրքը 66` +10), «Առողջապահություն և տարրական կրթություն» (Դիրքը 93` +2), «Բարձրագույն կրթություն և վերապատրաստում» (Դիրքը 71` +1), «Ապրանքների շուկայի արդյունավետություն» (Դիրքը 45` +5), «Աշխատուժի շուկայի արդյունավե­տություն» (Դիրքը 55` +3), «Ֆինանսական շուկաների զարգացում» (Դիրքը 90` +4), «Տեխնոլոգիական պատրաստվածություն» (Դիրքը 71` +4), «Գործարարության կատարելագործվածություն» (Դիրքը 81` +16), «Նորարարություն» (Դիրքը 87` +20):

Հետընթաց է արձանագրվել 2 հենասյան ուղղությամբ` «Մակրոտնտեսական միջավայր» (Դիրքը 88` -16, «Շուկայի չափ» (Դիրքը 120` -4:

Փոփոխություն չի գրանցվել «Ենթակառուցվածքներ» (Դիրքը 82) հենասյան գծով:

ԳՄԻ-ում Հայաստանի պատկերի վերլուծության արդյունքում նույնականացվել են այն ցուցանիշները, որոնց գծով երկիրը կամ ինդեքսի շրջանակներում աշխարհի երկրների կեսից ավելի անբարենպաստ դիրքերում է, կամ նախորդ տարվա համեմատ հետընթաց է արձանագրել: Այդպիսով, երկրի համար համեմատաբար առավել խնդրահարույց և/կամ խոցելի ցուցանիշների հիման վրա ձևավորվել է ԳՄԻ-ում Հայաստանի դիրքի բարելավման կողմնորոշիչ շրջանակը, որի շուրջ հանրապետական գործադիր մարմիններից (ՀԳՄ) ստացված առաջարկություններով մշակվել է միջոցառումների ծրագրի նախագիծը:

2014 թվականից ՀՀ տնտեսական զարգացմա և ներդրումների նախարարության (նախկին` ՀՀ էկոնոմիկայի նախարարության) ընդհանուր համակարգմամբ իրակա­նաց­վում է Համաշխար­հային տնտե­սական ֆո­րումի գլոբալ մրցունա­կության ինդեքսում Հայաս­տանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը (ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 10-ի N 29 և ՀՀ կառավարության 2015թ. ապրիլի 2-ի N 14 արձանագրային որո­շում­ներ): Վերջինիս մշակման համար հիմք են հանդիսացել ինդեքսում Հայաս­տանի պատկերի դինամիկայի վերլուծությունը և սիմուլյացիոն գործիքի միջոցով ստացված արդյունքները:

Ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ ահմանված կարգով ապահովվել է կիսամ­յակային հաշվետվողականություն ՀՀ կառավարության աշխատակազմին: Վերջին` 2017 թվականի փետրվարի 28-ի հաշվետվության համաձայն` Ծրագրում ներառված միջոցառումները հիմնականում ավարտված են:

ԳՄԻ-ում Հայաստանի 2016-2017 թվականների արդյունքները հաշվի առնելով` անհրաժեշտ է միջոցառումների վերանայում և համապատասխան ծրագրի մշակում:

Կարգավորման նպատակն է Գլոբալ մրցունակության ինդեքսը ձևավորող հենասյուների գծով հասցեական միջոցառումներ ամրագրել, որոնց իրականացման արդյունքները կնպաստեն հետագայում ինդեքսում Հայաստանի պատկերի բարելավմանը: