կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-13 12:17
Հասարակություն

Հայաստանի առողջապահությունը` 25 տարեկան

Հայաստանի առողջապահությունը` 25 տարեկան

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր անցկացվեց «Հայաստանի առողջապահությունը` 25 տարեկան» խորագրով տոնական միջոցառումը: 

Առողջապահական համակարգի ներկայացուցիչներին իր ուղերձն էր հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: 

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված այս միջոցառման նպատակն էր երախտիքի խոսք ուղղել համակարգի նվիրյալներին, մարդկանց, ովքեր իրենց ամենօրյա մարդասիրական գործունեությամբ նպաստել են համակարգի ձևավորմանը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակութային, հասարակական, քաղաքական անվանի գործիչներ: 

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ համանախագահ Արա Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր նշանակալի ներդրումն են ունեցել անկախ առողջապահական համակարգի կայացման և զարգացման գործում: 

Նա ներկայացրեց այն հաջողությունները, որոնք գրանցվել են մեր երկրի առողջապահության ոլորտում` ընդգծելով, որ հայ մարդուն տրված ներուժի շնորհիվ են հաղթահարվել շատ մարտահրավերներ: 

«Անշուշտ, վերջին տարիներին դրական առաջընթացն ակնհայտ է: Մենք իրականացրել ենք կադրերի վերապատրաստում, ինչի շնորհիվ ունենք լավ վերապատրաստված մասնագետներ տարբեր ոլորտներում», - ասաց «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ համանախագահ Արա Մինասյանը: 

Ցուցադրվեց քառորդ դարում առողջապահական համակարգի անցած ուղուն նվիրված տեսաֆիլմ: 

Միջոցառման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգրերով, ՀՀ վարչապետի հուշամեդալներով և շնորհակալագրերով, ինչպես նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ մեդալներով պարգևատրվեցին մի քանի տասնյակ բուժաշխատողներ և կազմակերպություններ: Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Երևանի և մարզերի շուրջ 110 համակարգի ներկայացուցիչներ արժանացան ՀՀ առողջապահության նախարարության հոբելյանական պատվոգրերի: Տոնական միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով: