կարևոր
2884 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-22 15:13
Քաղաքական

Ամեն ինչ անելու ենք՝ Սահմանադրության հանրաքվեն վերածելու Փաշինյանի անվստահության հանրաքվեի․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը փետրվերի 21-ին «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադարձել է Սահմանադրության հնարվոր հանրաքվեին։ «Մենք չենք նստելու սպասենք և առաջիկայում ավելի լայնածավալ մասշտաբով աշխատելու ենք մեր ժողովրդի հետ։ Իրենք, իմ կարծիքով՝ փորձում են ուսումնասիրել հասարակության տրամադրությունը, եթե տեսնեն կհաջողեն, նոր վերջնական որոշում կկայացնեն։ Մենք մեր աշխատանքով պետք է հասնենք նրան, որ իրենք հասկանան՝ դա անհնարին է»։

Հարցին՝ եթե իշխանությունը այդ հանրաքվեին զուգահեռ արտահերթ ընտրություններ կազմակերպի, կմասնակցե՞ն, թե՞ ոչ, Սաղաթելյանը պատասխանել է․ «Ակնհայտ է, որ եթե իրենք գնան արտահերթ ընտրության, այդ ընտրությունը փորձելու են ծառայեցնել իրենց վերարտադրման համար և փորձելով դա ներկայացնել նոր լեգիտիմության պաշար՝ և՛ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու, և՛ էն մյուս կործանարար քաղաքականությունը, որ որդեգրել են, ավարտին հասցնելու ուղղությամբ։ Կգա ժամանակը՝ մենք մեր որոշումը կկայացնենք։ Էս պահին մեր գլխավոր խնդիրը համարում ենք աշխատել մեր քաղաքացիների հետ, բացատրել էն բոլոր վտանգները, որ գոյություն ունեն, և փորձենք կանխենք էս ամեն ինչը, այլ ոչ թե արձագանքենք հետևանքներին»։

«Եթե տեղի ունենա Սահմանադրության հանրաքվե, մենք ամեն ինչ անելու ենք՝ այդ հանրաքվեն վերածելու Նիկոլ Փաշինյանի անվստահության հանրաքվեի, և դա այն տեղն է և այն դեպքն է, որ մենք տեսնում ենք Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտում հնարավոր է իրականացնել շատ լայն համախմբում, և այո՝ դա վերածել Նիկոլի անվստահության հանրաքվեի, և դա մենք կանենք», - ասաց Սաղաթելյանը։

Դիտարկմանը՝ «այսինքն, նաև փողոցային պայքար եք ծրագրում, եթե բանը հասնի դրան», ընդդիմադիր գործիչն արձագանքեց. - «Մենք չենք հրաժարվել այն ճանապարհից, որը ընտրել ենք, մենք գնահատել ենք մեր անցած ժամանակահատվածի և՛ ձեռքբերումները, և՛ բացթողումները, և՛ թերությունները, և էն օրակարգը, ինչի մասին հայտարարել ենք, շարունակում է մնալ»։

Մանրամասն՝ տեսանյութում