կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-10 14:03
Հասարակություն

Հայտնի են այլընտրանքային մարդահամարի արդյունքները

Հայտնի են այլընտրանքային մարդահամարի արդյունքները

Ժուռնալիստնրի «Ասպարեզ» ակումբը 2013թ. ապրիլ-հունիս ամիսներին հատուկ հետազոտություն է իրականացրել 2013 թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ պաշտոնական արդյունքներով 90 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած  32 համայնքում:

 

Հետազոտության, այլ կերպ ասած`  այլընտրանքային մարդահամարի նպատակն էր պարզել քվեարկության օրվա դրությամբ այդ համայնքներում փաստացի եղած ընտրողների թիվը և համադրել այն ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ: Ըստ հետազոտության արդյունքների` ուսումնասիրված 32 համայնքներից 10-ում նախագահական ընտրության օրը չէր կարող գտնվել այնքան ընտրող, որքան, ըստ ԿԸՀ-ի տվյալների, մասնակցել է ընտրությանը:

 

Օրինակ` Արարատի մարզի Աբովյան գյուղում, ըստ ԿԸՀ-ի, 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրության օրը գրանցված է եղել 1170 ընտրող, որոնցից 1087-ն են մասնակցել ընտրությանը, իսկ «Ասպարեզի» հետազոտության համաձայն` նույն օրը նույն համայնքում գտնվելիս է եղել առավելագույնը 1036 ընտրող, փաստորեն, 51-ով պակաս, քան, ԿԸՀ-ի տվյալներով, մասնակցել է ընտրությանը, և 134-ով պակաս, քան, ըստ ԿԸՀ-ի, հաշվառված են եղել ընտրացուցակներում: Հետազոտված համայնքներից 10-ում նախագահական ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 5513 մարդ, ըստ հետազոտության` այդ օրը այդ համայնքներում ընդամենը կարող էր գտնվել ոչ ավելի, քան 4887 մարդ` 626-ով պակաս:

 

Մանրամասն ներկայացնելով հետազոտության արդյունքները` «Ասպարեզ» ակումբի խորհրդի քարտուղար Լևոն Բարսեղյանը «Մեդիա կենտրոն»-ում հայտարարեց, որ այս տարվա նախագահական ընտրություններում ընտրություններին մասնակցությունը կեղծվել և ուռճացվել է հետազոտված 32 համայնքներից առնվազն 10-ում:

 

Լևոն Բարսեղյանը միաժամանակ կոչ արեց ոլորտի պատասխանատու պաշտոնյաներին և իրավապահներին` ուշադրության արժանացնել կատարված հետազոտությունը: