Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-10-10 15:58
Առանց Կատեգորիա

Մարդահամարի մսացուն

Մարդահամարի մսացուն

 

Մարդահամար է: Պարտավոր ենք հաշվառվել: Եվ պատասխանատու ենք միայն մեր փոխարեն: «Հաշվառվենք Հայաստանի համար»,- ազդարարում են հեռուստաընկերությունները: Ո՞վ կարող է ասել, ի՞նչ հարց եմ լուծում այն փաստով, որ կամ: Ի՞նչ հարց է լուծում պետությունը: Որ ես կա՞մ:


Երեք օր առաջ երթուղային տաքսիով իջնում եմ քաղաք: Գյուղակադեմիայի կանգառում մի ծեր կին մեքենայից իջավ առանց վճարելու վարորդին` բաշխելով իր օրհնությունը: «Պառա'վ, հորդ ավտոն ես նստե՞լ», -օրհնանքը մինչեւ վերջ չլսելով` շպրտեց վարորդը, որի մեքենայի դիմապակու կենտրոնում շղթայից կախված էր Խաչյալը, փոքր ինչ աջ` կնոջ եւ որդիների լուսանկարն էր:

 

Մի քանի օր առաջ մեր հարեւան շենքի բակում կերակրում էի մի կաղ շան: Քիչ հեռվում` մի փիսիկ էր պառկած: Շունը նրբերշիկը վերցրեց ու տարավ դրեց կատվի ձագի դիմաց: Հետո վերադարձավ հաջորդ նրբերշիկի ետեւից: Սա նույնպես, պարզվեց, փիսիկի բաժինն էր:


Երբ կոչ եք անում` հաշվառվենք Հայաստանի համար, ինչպե՞ս վարվենք այս շան հետ, որը քաղաքացիություն չունի, մարդ չէ եւ անձամբ չի վաստակում իր բաժին նրբերշիկը: Երբ պետությունը ստերիլիզացնում է փողոցային շներին, գլխագին է սահմանում ամեն սարերում եւ անտառներում դարանակալած ամեն գայլի համար, որոնց կեցության տարածքները վաղուց գրավել են մարդիկ, երբ հայկական մուֆլոնը ռիսկ չի անում պարսկական լեռներից մտնել իր բնաշխարհ, ի՞նչը նկատի ունեք` «Հաշվառվենք Հայաստանի համար» հռչակելով:

 

«Ի՞նչ է մարդը»,- հարցնում էր ռուս բանաստեղծ Բորիս Պաստերնակը եւ հարցը թողնում օդում: «Մարդը հպարտ է հնչում»,- ասում է ռուսական միտքը: Առ այսօր ոստիկանությունը չի հրապարակում, թե տարեկան քանի՞ մարդ է ինքնասպան լինում կամ փորձում լինել: «Որ մեր թշնամիները չուրախանան»,- ահա ոստիկանության ոչ պաշտոնական պատճառաբանությունը:

 

Ինչպե՞ս վարվենք հաշվառվելու հաջորդ օրն ինքնասպանվող մարդու հետ, եթե նախորդ բոլոր օրերից ամենահիշարժանը մարդահամարի մսացուի նրա կարգավիճակն է, որի մասին մինչեւ մահը ոչինչ չգիտեինք, իսկ մահից հետո պարտավոր չենք իմանալ մեր կեղտն աշխարհին չցուցադրող քաղաքացու գաղտնի առաքելությամբ: Ովքե՞ր են լիազորված ապրելու: Մարդահամարն այս հարցի պատասխանը չի տալու: Հեռուստաեթերն այս հարցի պատասխանը չունի, որովհետեւ ճշտված չէ` մարդը  մարդուն գա՞յլ է, ընկե՞ր, թե՞ բարեկամ:


Ոչ մեկը չի ասում` տղե'րք, հաշվեք միայն նրանց, ում գոյության համար պատասխանատու եք, որովհետեւ զինվորը մեռնում է ձեր թիկունքում, մայրը խեղդում է իր երկու որդիներին իր մարդակերպությամբ որոշելով նրանց «ազատել բանակից», մայրերն իրենց որովայններից հեռացնում են Աստծո կամոք աղջիկ ձեւավորված պտուղները, եւ, փաստորեն, չկա մեկը, որ այսօր ասի` քանի՞ աղջիկ չի ծնվել Հայաստանի Հանրապետությունում: Ինչու՞ պիտի մարդը հաշվառվի Հայաստանի համար, եթե իր որովայնի պտուղի ճակատագիրը որոշվում է ըստ մարդաբերան կամ մարդահաշիվ լինելու նախնադարյան նորմերի, եթե ինքն ունի ընտրության իրավունք եւ նրա ընտրածն աբորտն է:


Ի դեպ, ի՞նչ իմաստ ունի մարդահամարը, եթե ոստիկանությունը ընդդիմության ամեն հանրահավաքից հետո հրապարակում է մասնակիցների կոնկրետ թիվը, բայց երբ նրանցից մեկը սպանվում է` պարզվում է, որ նրանից մնացած ամենամեծ կտորը խոզի ծնոտն է:


Սեյրան Հանոյան