կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-09 02:40
Հասարակություն

Մարդահամարի վրա կծախսվի 2,5 միլիարդ դրամ

Մարդահամարի վրա կծախսվի 2,5 միլիարդ դրամ

2010 թ. հոկտեմբերի 21-30-ը Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում եւ Տավուշի մարզի չորս գյուղերում (Գետահովիտ, Գանձաքար, Աչաջուր, Խաշթառակի), որոնց բնակչությունը կազմում է երկրի բնակչության 1 տոկոսը, անցկացվել է փորձնական մարդահամար:

 

Ինչպես այսօր լրագրողներին տված ասուլիսում նշեց ՀՀ ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, ամբողջական մարդահամարը կանցկացվի 2011 թ. հոկտեմբերի 12-21-ը` ներառելով հանրապետության ողջ տարածքը, կծախսվի 2,5 միլիարդ դրամ:

 

Փորձնական մարդահամարը ֆինանսավորվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից: 174 ժամանակավոր հաշվարարներ բնակչությանը բաժանել են հարցաթերթիկներ, որոնցում, բացի բնակչությանը վերաբերող հիմնական տվյալներից, եղել են 33` անհատական բնույթի հարցեր` իրենց ենթահարցերով: Դրանց միջոցով, ստացվել են նաեւ այլ կարեւոր տեղեկություններ, օրինակ` քանի՞ լեզվի են տիրապետում, ի՞նչ կրոնի են դավանում, ինչպիսի՞ կրթություն ունեն, կենցաղային ինչպիսի՞ պայմաններում են ապրում եւ այլն:

 

Ըստ տիկին Կույումջյանի` այդ տվյալներ հրապարակելու մտադրություն չկա, պարզապես փորձ է արվում հասկանալու` արդյո՞ք իրենց ընտրած գործելաոճը համապատասխանում է երկրում տիրող վիճակին: Որոշակի դասեր փորձնական մարդահամարից, իհարկե, քաղվել են, եւ բոլոր թերություններն անպայման շտկվելու են: Թերություններ են հատկապես նկատվել կազմակերպչական հարցերում, նաեւ` հասցեների անճշտությունների հետ կապված: Տավուշի մարզում էլ որոշ հարցադրումներ են խնդիրներ առաջացրել:

 

Այն հարցին, թե, արդյո՞ք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին իրենց ծառայության տրամադրած տվյալները ընտրակեղծիքներ իրականացնելու միջոցներ չեն դառնա, Կարինե Կույումջյանը հավաստիացրեց, որ իրենք անվանական տեղեկատվություն չեն փոխանցում, այլ միայն տալիս են համայնքների ամփոփ վիճակագրությունը, որն էլ հիմնականում ծառայում է ընտրական տեղամասեր ձեւավորելուն:

 

Հիշեցնենք, որ նախորդ մարդահամարի տվյալներով` երկրի մշտական բնակչության թիվը կազմել էր 3 միլիոն 213 հազար մարդ: