կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-06 11:44
Իրավական

Ոստիկանությունն ու կրիմինալը` ընդդեմ հասարակական ընդվզումների

Ոստիկանությունն ու կրիմինալը` ընդդեմ հասարակական ընդվզումների

Հայաստանում քրեաօլիգարխիկ ռեժիմից փորձ է արվում անցում կատարել ոստիկանական  ռեժիմի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Armenia today կայքի խմբագիր Արգիշտի Կիվիրյանը` նշելով, որ վերջին մեկ ամսվա ընթացքում  կրիմինալն ու ոստիկանները պարզապես որս են սկսել հասարակական ակտիվիստների նկատմամբ:

 

Նրա խոսքով` վերջին մեկ ամսվա ընթացքում ոստիկանների կողմից բերման է ենթարկվել  մոտ հարյուր քաղաքացի, ընդ որում` շատերը` մի քանի անգամ, սակայն մինչ օրս այդ դրվագներից որևէ մեկը չի  բացահայտվել: Ըստ Կիվիրյանի` ակտիվիստների նկատմամբ կիրառված գործողությունները համակարգված և կազմակերպված են ոստիկանության կողմից: «Ոստիկաննությունն ու կրիմինալը փորձում են կոտրել հասարակական ընդվզումների ալիքը»,- հայտարարեց նա և կոչ արեց հասարակությանը պայքարից չընկրկել:

 

Անդրադառնալով Ստեփան Զատիկյանի որդու` Վրեժ Զատիկյանի ձերբակալմանը` Կիվիրյանն ասաց. «Իշխանությունները մոռացել են, որ Ստեփան Զատիկյանը  ՀՀԿ-ի սիմվոլն է, իսկ Հանրապետականում նստած են մարդիկ, ովքեր Ստեփան Զատիկյանին պապա են ասել»:

 

Կայքի խմբագրի խոսքով` հստակ պատվեր կա` ամեն կերպ խոչընդոտել իր մասնագիտական գործունեությանը:

 

Նշենք, որ ներկայումս  Կիվիրյանի դեմ հարուցված է  երեք վարչական վարույթ և մեկ քրեական գործ` 316 հոդվածի հատկանիշներով: Կիվիրյանի փաստաբան Լուսինե Զաքարյանի խոսքով` Կիվիրյանի դեմ վարչական վարույթներն ակնհայտ կոպիտ կերպով են հարուցված: