Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանը մտադիր է հունվարի 1-ից Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը դարձնել 150 դրամ։ «Հունվարի 1-ն էլ, ըստ մեր նույն աղբյուրների, պատահական չի ընտրված։ Իշխանությունը, հաշվի առնելով իր նախորդ դառը փորձը, ուղեվարձի թանկացման համար ընտրել է Նոր տարին՝ հաշվարկելով, որ ամանորի եռուզեռի մեջ հանրության շրջանում արձագանքը նախորդի պես բուռն չի լինի, բացի այդ, ցուրտ կլինի և երիտասարդները փողոց դուրս չեն գա»,- գրել էր թերթը:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ փոխքաղաքապետ Կամո Արեյանն արդեն պաշտոնապես հայտարարել են, որ ուղեվարձը բարձրանալու է:
Չնայած սրան` Yerkir.am-ի հետ զրույցում ակտիվիստ Սուրեն Սահակյանը նշեց. «Ամեն ինչ կախված է մեզանից: Կարծում եմ, որ պետք է նախահարձակ լինել և ստիպել մոռանալ թանկացման մասին: Ընդ որում` չեմ կարծում, թե պետք է ավելորդ հանդուրժողականություն դրսևորել: Քաղաքապետարանը հայտարարել էր, որ սակագների փոփոխությունից առաջ անցկացվելու են հանրային լսումներ, սակայն դեռ հանձնաժողովի աշխատանքները չեն ավարտվել, դեռ հանրային լսում չի եղել, իսկ պատասխանատուներն արդեն անիմաստ հայտարարություններ են անում… Ինչպե՞ս կարելի է պնդել, որ սակագները բարձրանալու են: Ո՞վ է ասել, որ հանրային լսման արդյունքները լինելու են հօգուտ գծատերերի, այլ ոչ թե հանրության»:
Այս ամենն, ըստ ակտիվիստի, հաստատելու է գալիս թեզը, որ և՛ հանձնաժողովը, և՛ կազմակերպվելիք «հանրային» լսումներն ընդամենը ձևական բնույթ են կրում: «Կարծում եմ` ավելորդ չի լինի ևս մեկ անգամ հիշեցնել, թե ով է այս քաղաքի տերը»,- նշեց նա:
Դիտարկմանը, որ, ըստ Տարոն Մարգարյանի, Սերժ Սարգսյանը տրանսպորտի գնի հետ կապ չունի, սա քաղաքային իշխանության որոշելիքն է, Սուրեն Սահակյանը պատասխանեց, որ սա այն եզակի դեպքերից է, երբ Տարոն Մարգարյանը ճիշտ բան է ասում:
«Իրականում քաղաքային տրանսպորտի խնդրով զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները: Նրանք էին պարտավոր լուծել նաև Մաշտոցի պուրակի խնդիրը, սակայն բոլորը տեսան, թե Հայաստանում այդ օրենքն ինչպես է աշխատում: Իրականում տրանսպորտի խնդիրը, իմ պատկերացմամբ, նույն համակարգի խնդիր է: Գծատերերը ապահովել են կաշառված ընտրողների տեղափոխումը ընտրատեղամասեր, գուցե ինչ-որ ներդրումներ են արել քարոզարշավի ընթացքում, և հիմա եկել է դրանք փոխհատուցելու պահը: Դրա համար էլ այսօր ամենաբարձր մակարդակում փորձում են լուծել սակագների հարցը: Կարծում եմ` Տարոն Մարգարյանը այնքան ռեսուրս ու անկախություն չունի, որ առանց համապատասխան թույլտվության փորձի բարձրացնել սակագները»,- նշեց Սուրեն Սահակյանը:
Ակտիվիստը համարում է, որ քաղաքային իշխանությունները պարտավոր են ծառայել յուրաքանչյուր քաղաքացու առանձին-առանձին և բոլորին՝ միասին վերցրած, սակայն ականատեսն ենք լինում այն բանի, որ նրանք իրենց իշխանիկներ են պատկերացնում և իրենց առաքելությունը տեսնում են բյուջեն հնարավորինս թալանելու մեջ: «Կարելի է փաստել, որ այսօր կրիմինալը ներխուժել է քաղաքապետարան: Իսկ ի՞նչ կարող են քրեական տարրերը ուզել քաղաքացիներից: Պատասխանը ակնհայտ է, կարծում եմ` յուրաքանչյուր քաղաքացի, այսպես, թե այնպես, առնչվել է այդ ինստիտուտի հետ և լրացուցիչ պատասխանի կարիք չկա»,- ասաց Սահակյանը: