կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-05 16:30
Քաղաքական

Դավիթ Հարությունյանն ու Գեւորգ Կոստանյանը` դատախազի հավանական թեկնածուներ

Դավիթ Հարությունյանն ու Գեւորգ Կոստանյանը` դատախազի հավանական թեկնածուներ

Մեկ շաբաթից` սեպտեմբերի 13-ին, լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը։ Դեռ երկու ամիս առաջ իշխանական շրջանակներում ակտիվ լուրեր էին շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը նոր դատախազ ունենալու որոշում է կայացրել:

 

Ասում են` Սերժ Սարգսյանին այդ ժամանակ հատկապես բարկացրել էր Հովսեփյանի այն հայտարարությունը, թե ՀՀ-ն պետք է ստանա իր կորուսյալ տարածքները, ինչին անմիջապես արձագանքել էր Թուրքիայի ԱԳՆ-ն: Անգամ սկսել էին Հովսեփյանին փոխարինողի անուններ շրջանառել:

 

Վերջին օրերին կրկին ակտիվացել են խոսակցությունները նոր դատախազի մասին: Ըստ Yerkir.am-ի աղբյուրների` Սերժ Սարգսյանը մի քանի անգամ ակնարկել է, որ իր համար դատախազի պաշտոնում ամենացանկալի թեկնածուն ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն է: Նրան Սերժ Սարգսյանը համարում է խելացի, ճկուն եւ լավ մասնագետ:

 

Մոսկովյան այցից հետո, սակայն, իշխանության շրջանակներում արդեն խոսում են, որ Աղվան Հովսեփյանին Սերժ Սարգսյանը դեռ կթողնի պաշտոնում: Ինչպես ասում են` հիմա երկրի ներսում Սերժ Սարգսյանի համար լուրջ փոփոխություններ անելու ժամանակը չէ: Փոփոխություններ, այդ թվում` դատախազի փոփոխություն, կլինի երկրում Սահամանդրական փոփոխությունները հաջող իրականացնելուց հետո...

 

Ուշագրավ է, որ ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 9 հոգանոց կազմում Աղվան Հովսեփյանը չկա, փոխարենը ներկայացված են նրա տեղակալ, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը, ինչպես նաեւ Դավիթ Հարությունյանը: Ի դեպ, Գեւորգ Կոստանյանը եւս համարվում է դատախազի հավանական թեկնածու:

 

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազն է 2004 թվականից: