Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունից եւ նրա տեղակալ` զինդատախազ Կոստանյանի` գլխավոր դատախազ դառնալուց հետո դատախազությունում նոր թափով սկիզբ առավ համակարգի «մաքրման» գործընթացը: Միմյանց հետևից պաշտոնանկ եղան դատախազության այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք էին գլխավոր դատախազի տեղակալներ Արմեն Դանիելյանը և Մնացական Սարգսյանը, մի քանի վարչության պետեր, մարզերի դատախազներ և այլք:
Գևորգ Կոստանյանն իր պաշտոնավարման այս մեկ ամսվա ընթացքում աշխատանքից հասցրել է ազատել դատախազության 26 պաշտոնյայի, այդ թվում` 5 մարզային: Պաշտոնանկ եղածների թիվը, եթե բաշխենք ամսվա օրերի վրա (հանգստյան կիրակիները հանած), կստացվի, որ նորանշանակ դատախազն ամեն օր մի պաշտոնյայի է ազատել: Եվ այսքանից հետո Կոստանյանի կողմակիցները պնդում են, որ սխալ է կադրային փոփոխությունները ջարդ որակելը:
Դատախազության հին կադրերը, ովքեր սիրտը դող, դեռեւս աշխատում են, մասնավոր զրույցներում վստահեցնում են, որ 36-ամյա գլխավոր դատախազն այս պաշտոնանկություններով ընդամենը իր ամբիցիաներն է բավարարում: Ոմանք էլ ավելի պարզ դատողություններ են անում` Կոստանյանն Աղվան Հովսեփյանի յուրայիններին փոխարինում է իր մտերիմներով` նախապատվությունը տալով երիտասարդներին:
Արդարության համար հարկ է նշել, սակայն, որ աշխատանքից ազատված պաշտոնյաների թվում չկան և չեն էլ եղել արդարության մարտիկներ կամ նվիրյալ իրավաբաններ: Նրանք սովորական չինովնիկներ են, ովքեր դատախազության համակարգն այլ կերպ չեն կարող ընկալել, քան հանցագործություններ կոծկելու և կաշառակերությամբ գործեր բացահայտելու կառույց: Թե որքանով նորանշանակ դատախազը կարդարացնի հանրության որոշ հատվածների սպասելիքները (հանրության մեծ մասն արդեն որեւէ սպասելիք չունի որեւէ մեկից, անգամ` նախագահից, էլ ուր մնաց` գլխավոր դատախազից) և կվերականգնի վաղուց «փտած» համակարգը, ցույց կտա ժամանակը: Շատերն, իհարկե, միամտորեն հակված են հավատալու, որ 36-ամյա այս երիտասարդը կկարողանա որոշակիորեն բարելավել համակարգը. ոմանք դրա լուծումը համարում են Աղվան Հովսեփյանի մոտեցումները կիսող մարդկանցից ազատվելու քաղաքականությունը:
Օրինակ` փաստաբանական որոշակի շրջանակի ներկայացուցիչներ հույս ունեն, որ, ի վերջո, կփոխվի այդ հիմնարկը, և այնտեղ այլևս «դահիճներ» չեն ծառայի: Սակայն նույն շրջանակում մտահոգված են` «մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»: Ո՞վ գիտի, գուցե, ազատվելով նախորդից, ավելի վատին հանդիպեն…
Այն, որ նորանշանակ դատախազի կողմից դեռ նոր նախաձեռնություններ կլինեն կամ նոր պաշտոնանկություններ, ակնհայտ է: Կարծիք կա նաև, որ Կոստանյանը կփորձի ինչ-որ բաներ անել համակարգը փոխելու համար, սակայն հետո կհասկանա, որ հնարավոր չէ ոչինչ փոխել (կամ էլ արդեն հասկացել է), և կդառնա սովորական գլխավոր դատախազ:
Ինչևէ, կրկին անդրադառնանք կադրային ջարդին: Ուշագրավ է, որ դատախազության աշխատողների մեծ մասն ազատվեց իր դիմումի համաձայն: Իսկ սեփական դիմումի համաձայն ազատվելու հեքիաթին մեր քաղաքացիները վաղուց հակված չեն հավատալու: Սեփական դիմումով ազատվելու գործելաոճը հանգեցրեց նրան, որ օրերս զավեշտալի դեպք գրանցվեց` Կոստանյանի հրամանով` դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանն ազատվեց աշխատանքից եւ նույն օրը նույն գերատեսչությունում նշանակվեց աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Բնականաբար, գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնեց, որ մարդիկ ազատվել են իրենց կամքով՝ սեփական դիմումի համաձայն: Այսինքն՝ մարդն իր կամքով դիմել է, որ իր պաշտոնն իջեցնեն, դարձնեն իր իսկ տեղակալը:
Ու այսքանից հետո, թեև գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը հավաստիացնում էր, որ Կոստանյանի կողմից արված ցանկացած փոփոխություն իր հիմնավորումն է ստանալու, սակայն ժամանակը ցույց տվեց, որ անբացատրելի պաշտոնակությունները միմիայն ավելանում են: Երևի նորանշանակ դատախազի համար կադրային ջարդ ասվածը դատախազությունն «ուղնուծուծով մաքրազարդելն է», համակարգում Աղվան Հովսեփյանի «հետքը ջնջելը»:
Բայց ի՞նչ խնդիր ունի դատախազը: Մեր երկրում ցանկացած համակարգի աշխատողներ նույն նվիրվածությամբ են ընդունում իրենց նոր ղեկավարին և պատրաստակամություն հայտնում անձնվիրաբար ծառայել նրան` հայտնի թամադայի օրինակով, ով երեք տարբեր նախագահների պաշտոնավարման ընթացքում էլ նույն կենացն էր ասում ` ամեն անգամ, իհարկե, յուրովի փառաբանելով յուրաքանչյուրին: Իհարկե, երբեմն լինում են նախորդ ղեկավարին հավատարիմ աշխատակիցներ, ովքեր չեն հարմարվում վերը նշված «նվիրվածությանը» և իրենց ղեկավարի հետ հեռանում են` կա'մ նոր շեֆի մոտ նոր պաշտոնի, կա'մ էլ` վայելած հանգստի...
Ու հիմա մտավախություն կա, որ այս տեմպով համակարգը «մաքրելուց» հետո Կոստանյանը դատախազության շենքի ներքին հարդարանքն էլ փոխի, օրինակ` դատախազության գլխավոր մուտքի դուռը հանի, չէ՞ որ դրա վրա նախկին դատախազը հասցրել է իր շուրթերի դրոշմը թողնել: Դե, արտաքին տեսքի մասին կառավարությունն արդեն հոգացել է` դատախազության կաթսայատունը 124 մլն դրամով վաճառելով «Բիզնես Պլաս» ընկերությանը:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ