կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-04 16:55
Իրավական

Գևորգ Կոստանյանը վերականգնում է ''հին ավանդույթները''

Գևորգ Կոստանյանը վերականգնում է ''հին ավանդույթները''

ՀՀ գլխավոր դատախազության համակարգում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ. մի քանի բաժիններ և վարչություններ լուծարվել են, փոխարենը ստեղծվել են նորերը: Այս տեղեկությունը տարածել էր «Փաստինֆո» գործակալությունը:

 

Սակայն այսօր yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը նշեց, որ նման հաղորդագրություն չկա դեռևս պաշտոնապես, և ձեռնպահ մնաց նոր փոփոխությունների վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալուց:

 

«Փաստինֆո» տարածած տեղեկության համաձայն` մի քանի մասնագիտական վարչությունների փոխարեն ձեւավորվել են նոր վարչություններ: Մասնավորապես`  հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող, դատարանում մեղադրանքը պաշտպանող վարչություններ, եւս մեկ այլ նորաստեղծ վարչություն հսկողություն կիրականացնի հատկապես կարեւոր գործերով քննություն իրականացնող քննիչների նկատմամբ:

 

Նման վարչությունների տանջատում գոյություն է ունեցել դեռևս 10 տարի առաջ: Այն ժամանակ դատարանում հետաքննության և նախաքննության նկատմամբ հսկողություն իրակաացնող դատախազը հիմնականում չէր մասնակցում մեղադրանքի պաշտպանությանը, սակայն հետագայում` փոփոխությունների արդյունքում, նույն դատախազին վերապահվեցին մեղադրանքը պաշտպանելու լիազորությունները: Այժմ վերադարձ է կատարվել նախկին ձևին:

 

Անդրադառնալով դեռևս չհաստատված այս փոփոխությունների արդյունավետությանը` Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Լուսինե Սահակյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե օրինական աշխատելու ցանկություն լինի,  թե’ այս, թե' նախկին կառուցվածքով հնարավոր կլինի նորմալ աշխատել:

 

«Խնդիրը կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծմամբ չի կարող լուծվել, գլխավոր խնդիրն այն է, թե արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազը կցանկանա օրինականության շրջաննակներում աշխատել, թե՞ ոչ: Եթե այդպես ցանկանա աշխատել, առանց կառուցվածքային փոփոխություների էլ դրան կհասնի»,- ասաց փաստաբանը և հույս հայտնեց, որ արդարացի նախաքննության և դատաքննության անցկացման գործում որոշակի առաջխաղացում կլինի: