կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-09 23:33
Հասարակություն

«Վրիպակ», թե՞ հերթական խաբեություն

«Գլոբալ Գոլդ Մայնինգ» հայաստանյան ընկերությունն իր դուստր ձեռնարկության՝ «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի հետ նոր անակնկալներ են մատուցում մեզ:

 

Yerkir.am-ի հերթական բացահայտումները վերաբերում են վերոհիշյալ ընկերության եւ ՀՀ կառավարության կողմից ստորագրված մի քանի փաստաթղթերի, որոնք հայտնվել են մեր ձեռքի տակ:

 

Դեռեւս 2012 թ. հուլիսի 2-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը «ՄԵԳՈ-ԳՈԼԴ» ՍՊԸ-ին տրամադրում է ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի հանքային դաշտի երեւակման մեջ երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու՝ թիվ ԵՀԹ-29/136 թույլտվությունը` գործողության ժամկետ սահմանելով 02.07.2012- 02.07.2016թթ., նշելով ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները եւ մակերեսը, որը կազմում է 5380 հա, բացառությամբ թիվ ԼՎ-184 լեռնահատկացման ակտով «ՄԵԳՈ-ԳՈԼԴ» ՍՊԸ-ին տրամադրված՝ Թուխմանուկի ոսկու հանքավայրի տարածքի:

 

Սակայն, հաշվի առնելով, որ վերոնշյալ տեղամասի համար արդեն իսկ «ՄԵԳՈ ԳՈԼԴ» ՍՊԸ-ն ստացել է ուսումնասիրության թիվ 15 Հատուկ լիցենզիան, որի գործողության ժամկետը երկու, կամ ավելի անգամ երկարացվել է եւ վերջնաժամկետ նշանակվել 2012 թվականը (ըստ Կոնցեսիայի մասին օրենքի՝ ուսումնասիրության լիցենզիան տրվում է 3 տարով, որը կարող է երկարացվել երկու անգամ՝ յուրաքանչյուրը 2 տարով):

 

Մեր ունեցած փաստաթղթերի համաձայն` «ՄԵԳՈ ԳՈԼԴ» ընկերությանը 10.11.2004թ. տրվել է համար 15 ուսումնասիրության լիցենզիան, որի գործողության ժամկետը` մինչև 31.12.2006 թ.-ն է, ուսումնասիրության տարածքը՝ 4164 հեկտար:

 

Թե՞ ինչ է կատարվում 2006-ից մինչև 13.05.2008թ. մեզ հայտնի չէ, սակայն 13.05.2008թ. համար 15 լիցենզիան երկարաձգվում է մինչեւ 13.05.2010թ., այնուհետեւ, 2010-ից մինչեւ 2012թ.:

 

Բնապահպանական ՀԿ-ները 2012թ. հուլիսի 26-ին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն էին ուղարկել գրություն, որում խնդրել էին իրենց տրամադրել ընկերության կողմից ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումին կից ներկայացված պարտադիր փաստաթղթերի պատճենները, տեղեկություններ հատկացնել ուսումնասիրվող տարածքի վերաբերյալ, նաեւ ծրագիրը՝ իր ժամանակացույցով:Դիմումում նշվել էր նաեւ, որ թույլտվությունը վերոհիշյալ ընկերությանը տրամադրվել է ոչ թե 3, ինչպես օրենքն է պահանջում, այլ 4 տարով:

 

Սակայն ի պատասխան ՀԿ-ների գրության, նախարարությունը (02.08.2013թ.) գրությամբ հայտնել է, որ «ՄԵԳՈ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին տրամադրված թիվ ԵՀԹ – 29/136 թույլտվության գործողության ժամկետը սահմանված է 02.07.2013-02.07.2016թթ., եւ թույլտվության ձեւաթղթում տրամադրման ամիս-ամսաթիվը լրացնելիս թույլ է տրվել վրիպակ, որը հետագայում ուղղվել է:

 

Հարց՝ վերոհիշյալ գերատեսչությանը՝ նրա համապատասխան վարչություններին եւ բաժիներին, որտեղ աշխատում են քաղծառայության քննությունն անցած մասնագետներ՝ այդ ինչպես են վրիպակ թույլ տալիս եւ այն չեն նկատում ավելի քան մեկ ամիս, իսկ երբ ՀԿ սեկտորն իր բողոքն է բարձրացնում փաստի առնչությամբ, դրանից հետո իբր «նկատում» են վրիպակը, մինչ դեռ դա վերաբերում է ազգային հարստությանը:

 

Հուսանք, որ այս «վրիպակը» կդառնա համապատասխան իրավապահ մարմինների քննության առարկան:

 

Իմիջիայլոց, հիշեցման կարգով նշենք, որ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում http://www.gov.am/files/poaks/1091.pdf  նշված է, որ միայն վերոհիշյալ նախարարությունը հարկատուների գումարներից տարեկան ֆինանսավորվում է 468.792 մլն դրամով:

 

Ի դեպ, պարզվում է՝առեղծվածային թույլտվության մեջ ուսումնասիրության ենթակա տեղամասը ճիշտ նույն տարածքն է, որը տրամադրվել է նախորդ լիցենզիայով՝ թիվ 15, որի գործողության ժամկետը, ինչպես արդեն նշել էինք, երկու անգամ երկարացվել էր:

 

Այս իրավիճակի անհեթեթությունը պատկերացնելու համար ընթերցողը պետք է իմանա, որ երբ տրվում է ուսումնասիրության թույլտվություն, դրա պարտադիր բաղկացուցիչ մասը կատարվելիք ծրագիրն է՝ իր ժամանակացույցով, որը համապատասխանում է թույլատվության գործողության ժամկետին:

 

Այնուհետև հաշվետվություն է ներկայացվում կատարված աշխատանքների մասին, եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան հիմնավորում ներկայացնելուց հետո կարելի է դիմել երկարացման համար՝ կցելով նորացված ժամանակացույցը:

 

Ակնհայտ է, որ երկարացումը հնարավոր է, եթե աշխատանքների 50 տոկոսը կատարվել է, հակառակ դեպքում՝ կատարողը պետք է ճանաչվի որպես աշխատանքները ձախողող, ու թույլտվությունը կասեցվի: Այս տրամաբանությամբ առաջնորդվելով՝ հասկանում ենք, որ 2004-2008 թթ. ընկերությունը կատարել է աշխատանքների 50 տոկոսը, դիմել է երկարացման 2008-2010թթ., այնուհետեւ կատարել է եւս 25 տոկոսը, իսկ 2010-2012թթ. լրիվ ավարտել է աշխատանքները:

 

Եթե՝ այո, ապա ուր է Երկրաբանական ֆոնդ ներկայացված հաշվետվությունը և ինչու է նույն տարածքի համար ուսումնասիրության թույլտվությունը երկարացվում է 2012-2016թթ: Եթե «Մեգո- Գլոդ» ՍՊԸ-ի կողմից ոչ մի աշխատանք չի կատարվել մինչ նշված ժամկետը, ապա նույն նախարարությունը պետք է թույլտվությունը լուծված համարեր եւ այդ տարածքը հետ վերցներ «ՄԵԳՈ ԳՈԼԴ»-ից:

 

Ի՞նչ է ստացվում՝ նախ՝ վերոհիշյալ թիվ 15 լիցենզիան տրադրվում է 2004թ.մինչեւ 2006թ. հետո անհայտ է, հետո երկարացվում է 2008-2010 թթ, այնուհետեւ՝ երկրորդ անգամ՝ 2010-2012 թթ., թեեւ, օրենքի համաձայն, վերոհիշյալ ընկերությունը սպառել էր այդ տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ժամկետները:

 

Եվ այսպես՝ լիցենզիան փաստացի որերրորդ անգամ, այն էլ՝ նույն տարածքի համար է տրամադրվում, ինչը վկայում է «Գլոբալ- Գոլդ Մայնինգ» ընկերության պաշտոնական կայքը, որտեղ կարդում ենք, որ ՀՀ կառավարությունը եւս մեկ անգամ երկարացրել է ուսումնասիրության թույլտվությունը՝ վերջնաժամկետ նշելով 2016 թվականը` The Armenian government recently extended this exploration license to July 2, 2016 (http://www.globalgoldcorp.com/news/20130710release.php): Եթե այդպես է, ապա սա օրենքի կոպիտ խախտում է, եւ այս փաստը նույնպես պետք է հետաքրքրի իրավապահ մարմիններին:

 

Իսկ, եթե նույն տարածքները երրորդ անգամ են տրամադրվում նույն նպատակով, ապա ենթադրելի է, որ սա «նոր» լիցենզիա է: Այս դեպքում, համաձայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 39-րդ հոդվածի, երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումին կից լիազոր մարմին է ներկայացվում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը, որին կցվում են` անհրաժեշտ քարտեզագրական նյութերը, բնության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատականը, այդ թվում` բնապահպանական ծրագիրը, սակայն համոզված ենք, որ այս գործընթացը տեղի չի ունեցել:

 

2012 թվականին տրամադրված ուսումնասիրության թույլտվությունից հնարավոր չէ նաեւ ճշտել կոորդինատները, որոնք Լեռնահատկացման ակտում տրված են պայմանական կոորդինատային համակարգով, ինչը, ըստ «Ընդերքի» մասին ՀՀ օրենքի՝ կոպիտ խախտում է, որում սեւով սպիտակի վրա գրված է, որ կոորդինատները տրվում են միասնականան համակարգով, այլ ոչ թե պայմանական:

 

Այս տվյալների անհամադրելի լինելը, կարծես, միտումնավոր բերում է շփոթության, որով չենք կարող հասկանալ, թե որ տարածքներն են տրված ուսումնասիրության:

 

Հատկանշական է, որ մինչ օրս ընդերքի տրամադրումը համապատասխան գերատեսչությունն իրականացնում է դեռեւս 1942 թվականին հաստատված «ПОЛКОВО-42» համակարգով, սակայն 2001 թվականին ՀՀ կառավարությունը ընդունել է որոշում, ըստ որի՝ ՀՀ-ում բոլոր կոորդինատային համակարգերը պետք է իրականացվեն «WGS-84» համակարգով:

 

Ի դեպ, ՀՀ կառավարության որոշումից ելնելով՝ 2012 թ. անգամ ՀՀ էներգետիկ եւ բնական պաշարների նախարարն է հրաման տվել, որպեսզի բոլորը անցնեն «WGS-84» համակարգին:

 

Այնուամենայնիվ, վերլուծելով լեռնահատկացման ակտում եւ ուսումնասիրության թույլտվությունում նշված պայմանական կոորդինատները եւ դրանք համադրելով այդ նույն տարածքում դեռեւս 2010 թվականի նոյեմբերի 4-ին N 1431-Ն որոշմանը կցված՝ «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի քարտեզում նշված սահմանների հետ, նկատում ենք, որ «ՄԵԳՈ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված տարածքը համապատասխանում է նույն արգելավայրի տարածքին:

 

Սակայն հիշեցնենք «Բնության հատուկ պահպանվող տարածքների» մասին ՀՀ օրենքի հոդված 18-ը՝ «Պետական արգելավայրի պահպանության ռեժիմը». «Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը»:

 

Հայաստանի միակ ջրաբանական արգելավայրին, որտեղից սնվում ՀՀ բնակչության ավելի քան 40 տոկոսը, yerkir.am-ը կանդրադառնա առանձին հոդվածով:

 

Ի հավելումն…

 

Բնապահպանական ՀԿ-ները նաեւ մեկ ամսից ավելի է՝ փորձում են «հայտնաբերել» դեռեւս 2007- 2008 թթ. ՀՀ կառավարության եւ «Գլոբալ- Գոլդ Մայնինգ» ընկերության միջեւ ծագած հակամարտությունից հետո ստորագրված հաշտության համաձայնագիրը, որը, ըստ ընկերության պաշտոնական կայքի, ստորագրվել է 2008 թ. փետրվարի 25-ին, համաձայնագիր, որը մինչ օրս գաղտնի է պահվում հասարակությունից, ավելին՝ բոլորը միաբերան հայտարարում են, որ դա պետական գաղտնիք է:

 

Սակայն մեր հետաքննությունը մի քանի մանրամասներ պարզեց՝այս գործընթացի հետ կապված: Նախ՝ ՀՀ կառավարությունը 2007 թվականի սեպտեմբերի 13-ի N 1029-Ա որոշումով, (http://acts.legalportal.am/)hիմք ընդունելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, որոշում է. «Հավանություն տալ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության կողմից ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում ընդդեմ ՀՀ ներկայացված արբիտրաժային հայցի կապակցությամբ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության եւ ՀՀ կառավարության միջեւ կնքվելիք հաշտության համաձայնագրի նախագծին:

 

Որոշման երկրորդ կետով ՀՀ կառավարությունը լիազորում է այն ժամանակվա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանին ՀՀ կառավարության անունից կնքել նշված հաշտության համաձայնագիրը»: Ի դեպ, վերոհիշյալ որոշումը բացակայում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

 

Սակայն մեկ այլ տեղեկատվությամբ կարդում ենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից եւ դրանց հաջորդած քաղաքական իրարանցումից հետո այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս փետրվարի 23-ին (շաբաթ օր) իր հրամանագրով արդեն իսկ աշխատանքից ազատած է եղել Գ. Ջհանգիրյանին:

 

Հարց է առաջանում՝ ով է ՀՀ-ի անունից ստորագրել վերոհիշյալ հաշտության համաձայնագիրը, (եթե ընդհանրապես այն ստորագրվել է):

 

Հնարավոր էր արդյոք մեկ օրվա մեջ՝ 2008թ. փետրվարի 24-ին՝ կիրակի օր, հրավիրել կառավարության նիստ ու լիազորել մեկ ուրիշի...

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Շարունակելի

Մանրամասն՝ տեսանյութում

Դիտել նաեւ այստեղ