կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-29 15:37
Հասարակություն

Հարուստ տատիկի միլիոնատեր թոռնուհին կամ հավանական վարկած

Հարուստ տատիկի միլիոնատեր թոռնուհին կամ հավանական վարկած

«Կելլի և Վիլիամս» և շարժիչային, տրանսմիսիոն յուղերի, արգելակման հեղուկի մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող «Ինգլիշ Թրեյդ Հաուզ» ՍՊԸ-ներում բաժնետեր է պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռոբերտ Գալոյանը, ով այդ պաշտոնը ստանձնել է 2012թ. ապրիլին: Մինչ այդ Ռ. Գալոյանը եղել է ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության պետը: Այս մասին գրում է «Հետքը»:

 

Ուսումնասիրելով բարձրաստիճան պաշտոնատար անձի` 2012թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը՝ պարզվեց, որ նա զգալի կարողության տեր է: Մասնավորապես՝ նշված տարում Ռոբերտ Գալոյանը, որպես դրամական միջոց, հայտարարագրել է 44 մլն դրամ, 2 մլն 300 հազար դոլար և 200 հազար եվրո: 2011թ. վերջին Ռ. Գալոյանի դրամով պահվող գումարը եղել է 300 մլն դրամ:

 

2012թ. ՊԵԿ նախագահի տեղակալն ունեցել է 195 մլն 272 հազար 586 դրամի եկամուտ, որից 6 մլն 597 հազար 140 դրամը եղել է աշխատավարձը, 21 մլն 169 հազար 693 դրամը` 3 տարբեր բանկային ավանդներից ստացված տոկոսագումարը, 143 մլն 565 հազար 753 դրամը` 2 ընկերություններից ստացված շահաբաժինը, իսկ 23 մլն 940 հազար դրամն էլ ստացվել է վարձակալության վճարից:

 

ՊԵԿ նախագահի տեղակալի կինը` Գոհար Մեկիկչյանը, 2012թ. ունեցել է ընդամենը 900 հազար դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից, սակայն նրա հաշվին եղել է 29 մլն դրամ և 270 հազար դոլար: 2011թ. վերջին Գոհար Մեկիկչյանի դրամային գումարը եղել է 31 մլն դրամ: 

 

Ռոբերտ Գալոյանը «Հետքի» հետ զրույցում ասել է, որ «իր հայտարարագրած գումարներն օրինական են եւ ստացված են շահաբաժիններից»: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի` ինքը բիզնեսով չի զբաղվում, իսկ «Կելլի եւ Վիլիամս» եւ «Ինգլիշ Թրեյդ Հաուզ» ՍՊԸ-ները տրված են հավատարմագրային կառավարման:

 

Ռոբերտ Գալոյանը չի մանրամասնել, թե որտեղից են գոյացել կնոջ գումարները, երբ նրա տարեկան աշխատավարձը 900 հազար դրամ է եղել: «Դրանք հնուց եկող գումարներ են, ասենք` տատիկից են փոխանցվել»,- ասել է ՊԵԿ նախագահի տեղակալը:

 

Թերևս արժանին պետք է մատուցել Ռոբերտ Գալոյանին, որ  այլ պաշտոնյաների նման, նրան հարստությունը չի փոխանցվել զոքանչից: Այս դեպքում տատիկը ավելի նվազ խոցելիություն ունի, չէ ո՞ր տատիկը կարող էր ցարական ժամանակներից իր հարստությունը պահած լիներ, ասենք` Հովհաննես Շահումյանի արձանի տակ, ինչն էլ անկախությունից հետո մի գիշեր փորեց և հանեց նրա թոռնուհին: