կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-03 13:20
Տարածաշրջան

Աբդուլ Համիդի թոռնուհին սպառնում է դիմել ՄԻԵԴ. պահանջում է պոլսահայ Բալյաններին պատկանած կղզին

Աբդուլ Համիդի թոռնուհին սպառնում է դիմել ՄԻԵԴ. պահանջում է պոլսահայ Բալյաններին պատկանած կղզին

Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացել. օսմանյան սուլթան Աբդուլ Համիդի թոռնուհին՝ Նիլհան Օսմանօղլուն, սպառնացել է դիմել ՄԻԵԴ: Նա պահանջում է իրեն վերադարձնել իր «պապին պատկանած» տարածքները, մասնավորապես՝ Գալաթասարայի կղզին, նաև հայտարարել, որ իր ընտանիքին պատկանած 32 տարածք, որոնք հիմնականում գտնվում են Ստամբուլում և շրջակայքում, Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո ապօրինաբար խլվել են իրենցից:

Ի դեպ, Գալաթասարայի կղզին օսմանյան ժամանակաշրջանում, Wikipedia-ի տվյալներով, 1872 թվականին  հենց Աբդուլ Համիդը շնորհել է Պոլսի հայ ճարտարապետների ընտանիքից Սարգիս Բալյանին:

Ըստ Sozcu-ի՝ իրավապահ մարմինները չեն բացառում, որ սուլթանի թոռնուհին կարող է կղզին ստանալ, եթե կարողանա ապացուցել, որ այն պատկանել է իր պապին:

Օսմանօղլուի այս հայտարարությունը լայն արձագանք է ստացել Twitter-ում: Օգտատերերի մեծ մասը պատասխանել է Օսմանօղլուին՝ ասելով. «Թուրքիայի Հանրապետությունը իր վրա է վերցրել Օսմանյան կայսրության ունեցած պարտքերը: Եթե Դուք անձամբ կարողանաք դրանք հատուցել, ապա, ինչո՞ւ ոչ, վերցրեք կղզին»:

Կայքն իր հերթին մեկնաբանել է Օսմանօղլուի պահանջ՝ նշելով, թե իբր Լոզանի պայմանագրով է հայտնի դարձել, թե Թուրքիան ինչպես պետք է վճարեր այդ պարտքերը: «Համաձայն դրա՝ Թուրքիան ստանձնեց մինչ 1912 թվականը Օսմանյան կայսրության պարտքերի 62 տոկոսը, իսկ 1912 թվականից հետո եղածների՝ 77 տոկոսը»,- նշում է կայքը:

Կայքի հրապարակած տեղեկության համաձայն՝ Թուրքիան Օսմանյան կայսրության` 500 միլիարդ ԱՄՆ դոլար պարտքը փակել է 100 տարում՝ մինչև 1954 թվականը:

Նշենք, որ թուրքական կայքերը, առավել ևս` Աբդուլ Համիդի թոռնուհին, ոչ մի ակնարկ կամ հիշեցում չեն արել այն մասին, որ Գալաթասարայի կղզին պատկանել է հայի: