Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական արդարադատությունը փաստեց ևս մեկ անգամ` ինքն իրադրային արդարադատություն իրականացնող համակարգ է. փոխվում է քաղաքական իրադրությունը` փոխվում են համոզմունքներն ու պատկերացումները հանցանքի, մեղքի և արդարության մասին: Որ «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի գործը փակվելու էր, կասկած չէր հարուցում դեռ այն հիշարժան օրվանից, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ի լուր աշխարհի հայտարարեց իր ղեկավարած կուսակցության ընդդիմություն չլինելու մասին: Ավելին` նա նաև բացառեց ԲՀԿ-ի` հետագայում այդ դաշտ տեղափոխվելու հնարավորությունն անգամ` հայտարարելով, թե ԲՀԿ-ն ուղղակի «չի կարող» ընդդիմություն լինել: Եվ Օսկանյանի «գործի» այսօրինակ վախճանն առաջին հրապարակային փաստումն է, որ իշխանությունները բարձր են գնահատում ԲՀԿ-ի նոր վարքագիծը, վարքագիծ, որը նախկինում և տևական ժամանակ նմանվել էր դևիանտ վարքով աչքի ընկնող դեռահասի պահվածքի: Բայց, ինչպես երևում է, «դեռահասն» արագորեն խելքի է եկել, իսկ իշխանությունների` մանկավարժորեն անթերի «դաստիարակչական աշխատանքը» տվել է իր պտուղները` «սանը» վարքի առումով այլևս միանգամայն հուսալիների շարքում է:
Վերադառնանք, սակայն, Օսկանյանի գործին, որովհետև այն առիթ է տալիս իշխանություններին հիշեցնելու մի պատրաստակամության մասին, որի մասին «գործի» ամենաթունդ պահին, մասնավորապես` Վ. Օսկանյանին պատգամավորական լիազորություններից զրկելու ժամանակ հենց իրենք են հայտարարել հրապարակայնորեն, և որն, ի դեպ, հնչել է բարձրագույն ղեկավարության շուրթերից: Խոսքն այն մասին է, որ եթե իրավապահ մարմինները չկարողանան հիմնավորել հանրային և միջազգային մեծ արձագանք գտած այս գործում նախկին արտգործնախարարի մեղքն ու մեղավորությունը, նրան «փողերի լվացման» և «փողերի յուրացման» ծանր մեղադրանքների հեղինակները պատասխան կտան: Հետևաբար` Օսկանյանի գործի կարճման հանգամանքով պայմանավորված` եկել է ժամանակը, որպեսզի պատասխան տան այս գործը թխողները, այն հետևողականորեն առաջ տանողները, մարդուն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն հրահրողներն ու կազմակերպողները: Հանրությունը չի մոռացել իշխանությունների այս խոստումը, հետևաբար` հանրությունը սպասում է:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ