Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Քննչական կոմիտեն առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում և «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքում։ Նախագծով առաջարկվող Քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասում լրացում կատարելու դեպքում հանցագործությունների սուբյեկտների ցանկում կներառեն աշխարհազորայիններին և երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց, որով կկարգավորվի վերջիններիս կողմից Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի զինված պաշտպանություն կամ մարտական գործողությունների ժամանակ կատարված հանցագործության համար պատասխանատվության ենթարկելու հարցը:
Միաժամանակ, առաջարկվում է կարգավորում անել նաև «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքում, որտեղ կսահմանվի, որ աշխարհազորայինները ևս, ինչպես դա կարգավորված է երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց դեպքում, ներառվեն զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց ցանկում: Նշվում է, որ 2020թ.-ի հոկտեմբերի 28-ին ԱԺ-ն ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-466-Ն օրենքը, որով օրենսդրությամբ առաջին անգամ ամրագրվեց «աշխարհազոր» եզրույթը:
Օրենքի ընդունումը պայմանավորված էր նրանով, որ ՀՀ պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում էր ոչ լրիվ ծավալով, այն չուներ համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս Հայաստանի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում։ Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց էր տվել, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող էր տեղափոխվել երկրի տարածքի խորքը` դիվերսիոն, ահաբեկչական, հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ:
Նշվում է, որ պաշտպանության նախարարությունը, աշխարհազորի վերաբերյալ դրույթները սահմանելիս օրենքում հստակ ամրագրել է աշխարհազորայինի և զինծառայողի կարգավիճակների տարբերությունը: Օրինակ՝ օրենքում հստակ սահմանվել է, որ աշխարհազորը ՀՀ պաշտպանությունն իրականացնում է կամավորական հիմունքներով, իսկ զինծառայողների համար այն պարտականություն է: Սակայն սա չի նշանակում, որ աշխարհազորայինները պատերազմի ժամանակ կամ մարտական գործողությունների ընթացքում առաջադրանքներ կատարելիս չեն իրականացնում զինծառայողներին առնչվող գործառույթներ:
Այսինքն աշխարհազորայինները կարող են հանդիսանալ զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներ: Ավելին, նման մոտեցումը վերաբերելի է նաև երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց: ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտների շրջանակը, որի համաձայն՝ այդ գլխում նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներն են ՀՀ զինված ուժերում, ՀՀ այլ զորքերում զորակոչի հիման վրա կամ պայմանագրով զինվորական ծառայության անցնող անձինք, ինչպես նաև ռազմական հավաքներ անցնելու ժամանակ` զինապարտները»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: