Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 20-ից տրանսպորտի ուղեվարձի հիսուն տոկոսով բարձրացումը թեեւ դեռ լիովին չի մտել իր «իրավունքների» մեջ, քանի դեռ մայրաքաղաքում շարունակվում են բողոքի ակցիաները, և քաղաքացիական զանազան խմբեր ու միավորումներ բոյկոտում են Երևանի քաղաքապետարան որոշումը, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ մայրաքաղաքում հաջողության հասնելուց հետո թանկացման գլխավոր «հեղինակ-շահառուները» արագ ու սահուն այն կտեղափոխեն մարզեր, և շղթայական ռեակցիայով թանկացումը կընդգրկի ամբողջ հանրապետությունը:
Մասնավորապես, կասկած չկա, որ տրանսպորտի ուղեվարձը նույն չափով կբարձրանա նաև հանրապետության երրորդ քաղաք Վանաձորում: Այդ հավանականությունը չի բացառել ինքը` Վանաձորի քաղաքապետը, նշելով, որ ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններից ուղեվարձի սակագինը փոխելու, մասնավորապես` մեկ ուղևորի համար 150 դրամ սահմանելու առաջարկով քաղաքապետարանը համապատասխան ընկերություններից դիմումներ ստացել է, սակայն դեռևս վերջնական որոշում չի կայացրել, քանի որ այդ ընկերություններին առաջարկվել է ներկայացնել նաև ուղեվարձը թանկացնելու հիմնավորումներն ու համապատասխան հաշվարկները:
Թե որքան ցավագին կլինի սպասվող թանկացումը Վանաձորի պես աղքատ քաղաքի համար, դժվար չէ պատկերացնել, սակայն քաղաքապետի պատասխանի մեջ կա մի հետաքրքրական մանրամասն, որին արժե անդրադառնալ: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, դա նույն է, թե` քաղաքապետարանը, փաստորեն, չի հավատում Երևանի քաղաքապետարանի` խնդրո առարկայի շուրջ ավելի վաղ հնչեցրած հիմնավորումներին ու հաշվարկներին և «սեպարատ» կարգով իր հիմնավորումներն է պատրաստում: Մինչդեռ հասարակ տրամաբանությունը հուշում է, որ եթե երևանյան թանկացումը հիմնավորվում է փոխադրամիջոցների, պահեստամասերի, վառելիքի, էլեկտրաէներգիայի ու գազի թանկացումներով, նույն հիմնավորումները, բնականաբար, պիտի գործեին նաև Վանաձորում: Հետևաբար, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը կա'մ ժամանակ է շահում, կա'մ տեղյակ չէ երևանյան իր կուսընկերների հիմնավորումներից ու հաշվարկներից: Երկրորդ տարբերակը, անտարակույս, բացառվում է, ուրեմն մնում է առաջինը` քաղաքապետն սպասում է խնդրի առնչությամբ մայրաքաղաքային զարգացումների հանգուցալուծմանը:
Սակայն, Վանաձորում (և համանման բնակավայրերում, ասենք` Գյումրիում) եթե նույնիսկ, որոշակի առանձնահատկություններ (աղքատություն, գործազրկության բարձր տոկոս, մեծ չափերով արտագաղթ և այլն) նկատի առնելով, իշխանությունների բարի կամքով («Սիրուն չի, Սամվել» տարբերակով) զիջողամտություն դրսևորվի, և ուղեվարձը մնա նախկինը, վերջին հաշվով դա նույնպես չի լինելու հասարակ քաղաքացու օգտին: Նկատի ունենք այն տխուր վիճակը, որ տիրում է այս քաղաքում ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունների ավտոպարկերում: Հնամաշ և վաղուց դուրս գրման ենթակա ավտոմեքենաները, ինչպես տարիներ շարունակ, այնպես էլ այսուհետ կշարունակեն «զարդարել» քաղաքի փողոցները և շարժվող փորձանքի բույն մնալ ուղևորների ու վարորդների համար, իսկ դրանց տերերը ցածր ուղեվարձը նորից կշարունակեն իբրև «փաստարկ» ներկայացնել իրենց ծառայությունները չարդիականացնելու, չբարելավելու և չթարմացնելու առումով: Պարադոքսն այն է, որ որ կողմից էլ մոտենում ես խնդրին, դրա այս կամ այն լուծումից շահում է միայն մեծահարուստ գծատերն ու նրա թիկունքին կանգնած չինովնիկը, սակայն ոչ շարքային վանաձորցին:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ