կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-24 17:31
Իրավական

Էս ո՞նց ես գոռում որ. Նորատուսցի Արան՝ դատախազին

Էս ո՞նց ես գոռում որ. Նորատուսցի Արան՝ դատախազին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում տեղի ունեցած` երկու անձի աղմկահարույց սպանության գործով հերթական դատական նիստը:

Այսօրվա նիստում ցուցմունք տվեց այս գործով վկա, դեպքի օրը հրազենային վիրավորում ստացած Արամ Պետրոսյանը: Նախաքննության ընթացքում նա ներգրավված է եղել որպես տուժող, սակայն հետագայում նրա դատավարական կարգավիճակը փոխվել է, և նա դարձել է վկա:

Երբ դատարանը Պետրոսյանին հիշեցրեց ցուցմունք տալուց հրաժարվելու և սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, վկան արձագանքեց. «Փաստորեն, էլի կասկածվո՞ւմ եմ հանցագործության մեջ»:

Պետրոսյանը հայտնեց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն իր ընկերոջը՝ Գեղամին (խոսքը ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի մասին է): Նա պատմեց, որ դեպքից մի քանի օր առաջ Գեղամի հետ խոսել է Ճվճվ Արոյի պարտքի մասին (խոսքը հանրությանը հայտնի Արա Վարդանյանի մասին է, ով մահացել է 2017-ի հուլիսի 7-ին): Ըստ վկայի` մի բասարցի (վարդենիսցի) Արոյին 20.000 դոլար է պարտք եղել, որից 18.000-ը վերադարձրել է, մնացել էր 2000-ը:

«Ճվճվը Գեղամին ասել էր՝ հիվանդանոցում բուժվում եմ, ինձ փող ա պետք: Գեղամն ինձ ասում էր՝ Ճվճվին ասել ենք՝ ախպե'ր, 18 հազարը տվել ա, մնացած 2000 դոլար պարտքը կբերի, կտա: Հետո իմացա, որ մեկը կա՝ անունը Մուշո, էդ փողի մեջ շահ ունի, իրա ասելով էլ՝ էդի բիզնեսի փող ա՝ 18 հազարը բերել ա, հլը 20 հազար էլ պիտի բերի, տա»,- պատմեց նա:

Խոսելով դեպքի օրը տեղի ունեցած իրադարձությունների մասին` վկան հայտնեց, որ դեպքի վայրն իր տունն է համարվում` Չարբախում գտնվող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղը: Պետրոսյանը հայտնեց, որ դեպքի օրը ինքը զանգահարել է Մուշեղին (խոսքը սպանված Մուշեղ Մուշեղյանի մասին է) և ասել. «Ի՞նչ ես մեջ ընգել»: Նրա խոսքով՝ Մուշեղը համաձայն չի եղել իր հետ և ագրեսիվ տոնով է խոսել: «Մուշեղն ընենց էր հետս խոսում՝ ոնց-որ ընկել էր հետևիցս: Ասում էր՝ ապե' ջան, լսո՞ւմ ես` քեզ ինչ եմ ասում»,- ասաց նա և հավելեց, որ այդ խոսակցությունից հետո որոշել էին հանդիպել ու պարզել` ինչն ինչոց է:

Վկան դժվարությամբ մտաբերեց՝ Մուշե՞ղն է իրեն առաջարկել հանդիպել, թե՞ ինքը: «Մուշեղն ինձ զանգեց, ասաց՝ արի Բանգլադեշի բասեյինների մոտ, տենանք իրար: Գեղամն ասաց` ըտենց մի գնա` մենակով, բա որ բռնեն, քեզ ծեծեն: Երկու ավտոյով գնացինք` մի քանի հոգով: Բասեյինների տեղը չգտանք, զանգեցի Մուշեղին, կանչեցինք Չարբախ: Ասեցինք` արի մեր տուն, տնավարի խոսանք»,-պատմեց նա:

Արամ Պետրոսյանի խոսքով՝ նկուղային հարկում եղել են 3-4 հոգով և սպասել Մուշեղին: «Մուշեղը ուժեղ խփեց դուռն ու մտավ ներս: Գևորը (սպանված Գևորգ Ավետիսյանը) ասաց` ո՞նց ես մտնում, էսի տուն ա, նա էլ, թե` ոնց ուզեմ, ըտենց էլ կմտնեմ ու Գևորին մայր հայհոյեց»,- պատմեց նա:

Վկայի խոսքով՝ Մուշեղը կրակել է Գևորգի ուղղությամբ, ինչից հետո իրար վրա են ընկել` փաթաթվել:

«Դեմս սիգարետ կար, շպրտեցի Մուշեղի վրա ու թևիս տակ ուժեղ ցավ զգացի, հետո գիտակցությունս կորցրեցի: Հիշում եմ, որ Գեղամը գոռում էր՝ օգնեք, Արամին խփել են: Հետո Գոռիկը՝ Գեղամի տղան, խփում էր ինձ որ ուշքս չգնա: Գոռն ու Անժելը՝ Գեղամի կինը, օգնեցին, տեղափոխեցին մեքենան»,- պատմեց նա:

Վկայի խոսքով՝ Մուշեղի անկանոն կրակոցի հետևանքով վնասվել են իր` կենսական նշանակության օրգանները: Վիրավորվելուց հետո 6 անգամ կորցրել է գիտակցությունը: «Ես համարյա մեռած եմ եղել: Հիվանդանոցում ընտանիքիս ասել են` եթե 3 օր մնա, կապրի, եթե` չէ, կմեռնի»,- ասաց նա և հիշեց, որ հիվանդանոցում աչքերը բացելուն պես տեսել է, որ կողքին պառկած է Մուշեղը, որի վրա ինչ-որ մեկը լացում էր:

Մեղադրողի այն դիտարկմանը, թե ինչո՞ւ է վկան նկարագրում միայն հանգուցյալների՝ սպանված Գևորգ Ավետիսյանի և Մուշեղ Մուշեղյանի գործողությունները, վկան պատասխանեց, որ միայն նրանց է տեսել:

Հարցին, թե ինչո՞ւ է միայն ինքը պատասխանել Մուշեղ Մուշողյանի գործողություններին` ծխախոտը նետել նրա վրա, վկան պատասխանեց. «Որովհետև մարդուն ուտում էր»:

Նշենք, որ նախաքննության ընթացքում Արամ Պետրոսյանը 3 անգամ ցուցմունք է տվել, և երեք անգամ դեպքի վայրում գտնված անձանց թվի վերաբերյալ իրարամերժ տվյալներ հայտնել: Առաջին ցուցմունքում նա հայտնել էր, որ դեպքի վայրում 15-20 հոգի է եղել, 2-րդ ցուցմունքում` որ այնտեղ 7-8 անձ է եղել, իսկ 3-րդ ցուցմունքում` որ այնտեղ 3-4 հոգի էին:

Այսօրվա նիստում վկան պարզաբանեց, որ առաջին ցուցմունքը տալու ժամանակ նոր էր դուրս եկել նարկոզից, հետևաբար` սխալ թիվ է ներկայացրել: Ուշագրավ է, որ դեպքի հաջորդ օրը, երբ Պետրոսյանն արդեն գիտակցության էր եկել, նա ցուցմունք էր տվել և հայտնել, որ, բացի Գևորգից, Մուշեղին այլ անձինք էլ են հարվածներ հասցրել, այսինքն` ծեծի ենթարկել: Ավելին` նա նկարագրել էր, թե ինչպես էր Մուշեղը վազում դեպի դուրս, իսկ Գևորգն ու անծանոթները հարվածում նրան:

Այսօրվա դատական նիստում վկան հերքեց նախկինում տված ցուցմունքը: Նա նախ հայտարարեց, որ ստել է, քանի որ վախեցել է, որ իրեն նույնպես կհամարեն միջադեպի մասնակից, ապա իր հակասական ցուցմունքները պատճառաբանեց նարկոզի տակ գտնվելու հանգամանքով:

Դատախազի հարցին, թե ո՞ւմ գործողությունների հետևանքով է նա տուժել, և ինչո՞ւ է զրկվել տուժողի կարգավիճակից, Պետրոսյանը պատասխանեց. «Մուշեղի գործողությունների հետևանքով եմ տուժել, դատախազությունն է ինձ զրկել տուժողի կարգավիճակից»:

Անդրադառնալով սպանությունների պատճառ դարձած գումարային հարցին` մեղադրող դատախազը հարցրեց, թե Գեղամն իրեն ուրիշի պարտքը հետ ստանալու իրավունք վերապահե՞լ էր: Վկան պատասխանեց, որ Ճվճվ Արոն հիվանդանոցում բուժվում էր և Գեղամին ասել էր, որ իրեն փող է պետք:

Դատախազի դիտարկմանը` Արա Վարդանյանի հարցը դարձել էր ձե՞ր հարցը, վկան խուսափողական պատասխան տվեց:

Հիշյալ հարցը դատախազը հնչեցրեց համեմատաբար բարձր տոնով: Դահլիճում ներկա քրեական հեղինակություն Նորատուսցի Արան՝ այս գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի եղբայրը, արձագանքելով դատախազի` բարձր տոնով հնչեցված հարցին, տեղից հայտարարեց. «Էս ո՞նց ես գոռում որ»:

Բարեբախտաբար կամ դժբախտաբար, ապակիներից այն կողմ գտնվող դատախազը չլսեց ամբաստանյալի եղբոր «նկատողությունը»:

Ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի այն հարցին, թե Մուշեղ Մուշեղյանն արդյո՞ք ապրում էր հանցավոր կյանքով, վկան պատասխանեց. «Հա, բա ոնց»:

Երբ մեղադրող դատախազները փորձեցին վկայից ճշտել, թե ո՞ր մարդիկ են ապրում հանցավոր կյանքով, դահլիճում ներկա քրեական հեղինակություն Նորատուսցի Արան դարձյալ ռեպլիկ արեց. «Լավ մարդիկ»:

Այսօրվա դատական նիստում հրապարակվեց նաև այս գործով տուժողի իրավահաջորդ` նոյեմբերի 13-ի սպանված Մուշեղ Մուշեղյանի կնոջ՝ Նարինե Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքը: Հովհաննիսյանը դատարանին ուղղված իր գրությամբ հայտնել էր, որ չի ցանկանում ներկա լինել դատական նիստերին և ցանկանում է, որպեսզի հիմք ընդունեն իր նախաքննական ցուցմունքը:

Վկան նախաքննական մարմնին հայտնել էր, որ Մուշեղ Մուշեղյանի հետ ամուսնացել է 2000-ին, ունեն մեկ տղա: Նրա խոսքով՝ ինքն ու ամուսինը անհատ ձեռներեցներ են եղել` Գարեգին Նժդեհի անվան հրապարակի գետնանցումի տակ տաղավարներ են ունեցել: Վկան ասել էր, որ դեպքի նախորդ օրը ամուսինն առավոտյան տանից դուրս է եկել, ասել, որ ընկերների հետ է լինելու և այդ օրը տուն չի գալու: Հովհաննիսյանի խոսքով՝ Մուշեղը որևէ մեկի հետ խնդիր չուներ, իսկ թշնամիներ ուներ, թե` ոչ, տեղյակ չէ: Ըստ նրա` Մուշեղն ու Ալիկ Բանդուրյանը ժամանակին ընկերներ են եղել: Մուշեղը ծանոթ էր նաև Արա Վարդանյանին՝ Ճվճվ Արոյին,  ծանոթացել էին Ղրիմում: Նարինե Հովհաննիսյանը հայտնել էր, որ չի ճանաչում միջադեպի մասնակիցներից որևէ մեկին:

Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել նաև դատակոչված մյուս 3 վկաները: Դատարանը որոշում կայացրեց հերթական անգամ բերման ենթարկելու որոշումներ կայացնել Վիրաբ Գասպարյանի և Դավիթ Հախանումյանի նկատմամբ:

Թագուհի Մելքոնյան