կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-17 10:41
Իրավական

Դատարանը բավարարեց միջնորդությունը. Նորատուսցի Արան կալանավորվեց

Դատարանը բավարարեց միջնորդությունը. Նորատուսցի Արան կալանավորվեց

Ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի միջնորդությունը ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաեւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Արա Բանդուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝  2018-ի լույս  հոկտեմբերի 13-ի գիշերը  Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ Արա Բանդուրյանը, մի խումբ անձանց հետ այցելել է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ակումբներից մեկը, որտեղ առերևույթ անհարգալից վերաբերմունք է դրսևորել ակումբի մյուս հաճախորդների, աշխատակիցների նկատմամբ։

Մասնավորապես՝ կոտրել են ակումբի բաժակները,  մոխրամանը նետել պարահրապարակ, ապա նաև կրակոցներ  արձակել պատի ուղղությամբ, որի հետևանքով կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը:

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել 2018թ. հոկտեմբերի 14-ին:

Իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է 5 գնդակ, հարցաքննվել մի շարք անձինք, իրականացվել խուզարկություններ:

Քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել զենքի գործադրմամբ կատարված խուլիգանությանը Ա.Բանդուրյանի առնչության վերաբերյալ, և հոկտեմբերի 16-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին: