կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-06 18:39
Առանց Կատեգորիա

Հուսիկ Արան` ″Ազատության հրապարակում″-ում

Հուսիկ Արան` ″Ազատության հրապարակում″-ում

Սրտաչափ թուղթ էր

ու մի մատ թանաք,

որ այս աշխարհում վստահվեց ինձ.

ես ուզեցի արեւ գրել,

ավետել լույսի մասին

ու սերը պատմել,

բայց ո՞ւմ կամքով, չիմացա,

քո ընտրությունն էր թուղթն ու թանաքը,

Նոր Հայաստան:

 

Այսօր տեղի ունեցավ Հուսիկ Արայի «Ազատության հրապարակ» գրքի շնորհանդեսը: Գիրքը հետաքրքիր է թե՛ իր կառուցվածքով եւ թե՛ բովանդակությամբ` գրքում տեղ են գտել բանաստեղծություններ, պոեմ եւ անգամ` էսսե:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Հուսիկ Արան նշեց, որ գիրքը նվիրված է Արցախյան շարժման 25-ամյակին:

 

«Իմ սերունդը ձեւավորվել է այդ շարժման տարիներին, իմ ընկերները զոհվել են ազատամարտի ժամանակ: Գիրքը երկու մասին կարելի է բաժանել, եւ երկրորդ մասը` «Մարդու որդիները», իմ առաջին գիրքն է, որ գրվել է 1988-1994թթ., իսկ տպագրվել 1996-ին, այն զոհված ընկերոջս' Կարեն Ավետիսյանի հիշատակին է նվիրված: Իսկ առաջին մասում նոր գործեր են մեր անկախության արժեւորման մասին»,-ասաց բանաստեղծը' հավելելով, որ գրքում զետեղված բանաստեղծություններից մեկում գրում է, որ դեռ մեր երազածը չէ այս անկախությունը, եւ այդ հագուստը մեր վրայով չէ:

 

Հուսիսի տեղեկացմամբ` գրքում առկա` «Առավոտ» վերնագրով պոեմի թեման Ցեղասպանությունն է, բայց գրողը փորձել է բոլորովին նոր լույսի տակ դիտարկել ողբերգությունը. Հուսիկը Ցեղասպանությունը դիտարկում է որպես ուժի աղբյուր, քանի որ Ցեղասպանությունից հետո ազգերը կա'մ ոչնչանում են, կա'մ վերելք ապրում. «Իմ պոեմում վերելքն է, այնտեղ չկան ջարդի, ողբերգության տեսարաններ»:

 

Բանաստեղծը նշում է, որ հաճախ են ասում, թե հայ պոետները այդպես էլ չանդրադարձան Արցախյան ազատամարտին, շարժմանը, եւ ինքն իր գրքով եկավ փաստելու, որ գրվել է եւ գրվելու է ազատամարտի մասին:

 

Գրականագետ, գրքի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն էլ նշեց, որ գիրքը թե' կառուցվածքով եւ թե' բովանդակությամբ միտված է արձանագրել այն ձեռքբերումները, ինչու չէ, նաեւ հուսախաբությունները, որ ունեցել ենք անկախության շրջանում:

 

«Հուսիկի գիրքը բացառիկ է նրանով, որ ամփոփում է պոեզիայի այն հիմնական միտումները, որ անկախության տարիներին որդեգրվեց' հայրենիքի հետ խոսել իջեցված ոճով, ընկերաբար, մտերմաբար' սեփական ես-ը չտարանջատելով հայրենիքից եւ գովել այն, ինչն իսկապես գովելի է ու չխուսափել թերությունները մատնանշելուց: Մյուս կողմից, Հուսիկի ժողովածուն բերում է այն ամբողջ ընթացքը, որ մենք ապրեցինք' ոչ միայն այն մասին, որ սովորաբար գրվում է պատմության գրքերում եւ թերթերում, թե մենք կռվեցինք, հաղթեցինք, այլ, դրան զուգահեռ, հոգեբանական ապրումները»,- ասաց Նիկողոսյանը:

 

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, գրքում Արցախյան հերոսամարտին հեղինակն անդրադառնում է ոչ լալկան ոճով, գրականագետը նշեց, որ գուցե բնական կլիներ, որ այդ լալկան ոճը լիներ, քանի որ մեր իրականությունը լացելու շատ առիթ է տալիս բանաստեղծին:

 

«Սակայն Հուսիկը ցույց է տալիս, որ մեր գրի պարագիծը վաղվա Հայաստանն ունենալու տեսլականն է: Ցավալի է, որ արտաքին ճնշումների, իշխանությունների ոչ ճիշտ քաղաքականության պատճառով այդ տեսլականի գալուստը ձգձվում է, բայց դա շարունակում է գիր ու տեքստ պայմանավորել: Հուսիկի բանաստեղծությամբ ավանդույթն է շարունակվում, այն լավ ավանդույթը, որի տեսլականը վաղվա գեղեցիկ, մեծ, պայծառ Հայաստանն է»,- ասաց գրականագետը:

 

Լուսանկարը` Նարե Աթոյանի