կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-20 13:32
Հասարակություն

Բողոքի ակցիա` Կճոյանի դեմ

Բողոքի ակցիա` Կճոյանի դեմ

Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ, «Արարատ» միության նախաձեռնությամբ, այսօր բողոքի ակցիա անցկացվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանի դեմ։ Հիշեցնենք, որ վերջինս օրեր առաջ ազատել է Արարատյան թեմի «Արարատ» երիտասարդաց միության նախագահ տեր Հակոբ քահանա Խաչատրյանին։ Որոշ տեղեկությունների համաձայն` դա պայմանավորված է եղել Գագիկ Շամշյանի այն հայտարարությամբ, թե տեր Հակոբը հազար Կճոյան արժի:

 

Լրագրողների հետ զրույցում Արարատյան հայրապետական դիվանի մամլո մամլո ժամանակավոր պաշտոնակատար Նոյեմի Անդրեասյանը վստահեցրեց, որ տեր Հակոբի տեղափոխության պատճառն ամենեւին էլ Շամշյանի հայտարարությունը չէ:

 

«Չեմ հասկանում, թե «Արարատ» միությունը ինչո՞ւ չի ցանկանում, որ տեր Հակոբն իր աշխատանքում առաջ գնա. եթե մինչեւ հիմա փոքրիկ «Արարատ» միությունն էր ղեկավարում, հիմնականում` դրա աշխատանքը, հիմա նա հնարավորություն ունի թեմի բոլոր եկեղեցիների, բոլոր երիտասարդական կառույցների աշխատանքը համակարգել»,- նշեց նա եւ վստահեցրեց, որ անիմաստ աղմուկ է բարձրացել Նավասարդ Կճոյանի անվան շուրջ:

 

Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Շահեն քահանա Հայրապետյանին եւս դուր չէր գալիս այս ամենը: «Ես` որպես թեմական խորհրդի անդամ եւ հոգեւոր հովիվ Սուրբ Սարգիս եկեղեցու, ծայրահեղական է, բայց ուղղակի ուզում եմ հայտարարություն անել` ես կարող եմ միջնորդել սրբազանին, որ նա լուծարի «Արարատ» միությունը, եթե այսպես է շարունակվելու»,- հայտարարեց նա:

 

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ պատմեց, որ երեկ հանդիպել են Նավասարդ Կճոյանի հետ եւ խնդրել, որ տեր Հակոբին վերադարձնի իր նախկին աշխատանքին: Նա պատմեց, որ մեկ ժամվա ընդունելությունից հետո Կճոյանը հայտարարել է` ձեր խնդրանքն ընդունում եմ, եւ հանդիպման ներկաները կարծել են, թե սրբազանը կվերադարձնի տեր Հակոբին, բայց մեկ ժամ հետո հասկացել են, որ ամեն ինչ մնացել է նույնը: