Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, հաղորդում էր ներկայացրել ՀՀ ՀՔԾ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից վկաներ Ահարոն Հակոբյանին, Արամայիս Սեդրակյանին և բուն սպանության գործով դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանին գործերի նախաքննության ընթացքում ծեծի ենթարկելու ու խոշտանգելու, նրանց նկատմամբ սպառնալիքներ ու ճնշումներ գործադրելու, ոստիկանության բաժնում ապօրինի պահելու, ինչպես նաև վերջիններիս իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալուն հարկադրելու վերաբերյալ նրանց հայտարարությունների իսկությունը ստուգելու համար:
Սակայն ապրիլի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործի հարուցումը մերժել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցագործությունների դեպքի բացակայության հիմքով: Պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել այդ որոշման դեմ` այն համարելով ակնհայտ ապօրինի և անհիմն:
Ամբաստանյալ Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով` Հատուկ քննչական ծառայությունը նախ որևէ իրավասություն չի ունեցել այդ նյութի հետ կապված քննություն իրականացնելու: Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ ընթացող` Զատիկյանի սպանության պատվերի գործով այսօրվա դատական նիստում Սարգսյանը հայտարարեց, որ այդ կապակցությամբ արդեն բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Փաստաբանը բողոքում, մասնավորապես, նշել է, որ Հատուկ քննչական ծառայության քննիչ Արամ Գրիգորյանն ընդգրկված է եղել Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերի փաստով հարուցված քրեական գործը քննելու համար ստեղծված քննչական խմբում: Նա Ստեփան Հակոբյանի հայտնաբերումից հետո կատարել է մի շարք քննչական գործողություններ:
Հիշեցնենք, որ դատարանը հայտարարել էր, որ վկաների խոշտանգումների վերաբերյալ քննությունը պետք է կատարի անկախ և անկողմնակալ մարմինը, և նախադեպերով նշել, որ նմանատիպ գործերի քննությանը չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր որևիցե առնչություն ունեն նույն գործի քննությանը:
ՀՔԾ-ի որոշման դեմ պաշտպանի ներկայացրած բողոքի քննությունը նշանակված է հուլիսի 22-ին` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում:
Պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր դատարանին ներկայացրեց նաև ապացույցներ, որ Զատիկյանի սպանության պատվերի գործով ձեռք բերված բոլոր հեռախոսահամարների վերծանումներն անօրինական են: Հիշեցնենք, որ Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդել էր հաստատել գործում առկա հեռախոսային խոսակցությունների ելքային և մուտքային զանգերի վերծանումների և դրանց զննության արձանագրությունների` որպես ապացույց օգտագործվելու անթույլատրելի լինելը: Ըստ պաշտպանական կողմի՝ այդ վերծանումները կատարվել են օրենքով սահմանված կարգի էական, ակնհայտ ու կոպիտ խախտմամբ՝ առանց դատարանի համապատասխան որոշման, ուստի այդ ապացույցները չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում: Սակայն դատավորը հետաձգել էր միջնորդության քննարկումը:
Պաշտպանը, որպես ապացույց, ներկայացրեց վարույթն իրականացնող մարմնի կողմից հեռախոսային վերծանումները ստանալու կարգը, ըստ որի` հեռախոսների մուտքային և ելքային զանգերի վերծանման թույլտվությունը պետք է տա դատարանը: Բացի այդ` փաստաբանը մասնավոր գրավոր հարցումներ էր ուղարկել «ԱրմենՏել» ընկերության տնօրեն Անդրեյ Պյատախինին և «ՎիվաՍել» ընկերությունների գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Փաստաբանը հետաքրքրվել էր, թե 2006-2012թթ. հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի վերաբերյալ տեղեկատվությունն ինչ սկզբունքով են տրամադրվել` դատարանի որոշումների՞, թե՞ քննչական մարմինների գրությունների հիման վրա: Ի պատասխան փաստաբանի հարցման, երկրի առաջատար բջջային օպերատորների տնօրենները պատասխանել էին, որ իրենք այդ տեղեկատվությունը տրամադրում են միայն վարույթն իրականացվող մարմնի կողմից տրված դատարանի հսմապատասխան որոշմամբ:
Երեմ Սարգսյանը նշեց, որ գործի շրջանակներում խախտվել են ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը և էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի դրույթները: Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ