Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղվան Հովսեփյանի՝ որպես գլխավոր դատախազ, պաշտոնավարման ժամկետը լրանալու նախօրեին և հատկապես հետո ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ «ժամկետանց» գլխավորին, ամենայն հավանականությամբ, անպաշտոն չեն թողնի. մասնավորապես խոսվում էր և խոսվում է նրան ստեղծվելիք միասնական քննչական մարմնի ղեկավար նշանակելու իշխանական որոշման մասին: Այդպիսի նշանակման հավանականությունը չէր հերքել նաև ինքը՝ պաշտոնաթող դատախազը՝ հրապարակավ հայտարարելով. «Նոր պետական մարմին պետք է կառուցվի, և դա, կարծում եմ, շատ արագ պետք է լինի, որովհետև լուրերը տարածված են, բոլորը գիտեն և որքան շուտ լինի, այնքան լավ»:
Անշուշտ, մի քիչ զարմացնում է նախկին գլխավոր դատախազի տրամաբանությունը, թե նոր քննչական մարմինը հարկավոր է շուտ ստեղծել, որովհետև դրա մասին «լուրերը տարածված են», կամ այդ մասին «բոլորը գիտեն»: Անկախ այս անհեթեթ փաստարկումից՝ իշխանության վերին օղակներում իսկապես շտապում են: Հայտնի է դարձել, որ արդեն պատրաստ է նոր քննչական մարմին ստեղծելու վերաբերյալ օրենքի նախագիծը, ավելին՝ այդ նախագծում, որպես օրենքի կիրարկման ժամկետ, նշված է 2014 թվականի հունվարի 10-ը, ինչը նշանակում է, որ օրենքի նախագիծը շուտափույթ կերպով կմտնի ԱԺ, ապա վերջինիս կողմից կընդունվի: Այս փութկոտությունը և աննախադեպ «օպերատիվությունն» ինքնին զարմանալի չեն, քանի որ մեզանում պատահում է, որ օրենք ու դրա հիման վրա նոր պետական կառույց է ձևավորվում կոնկրետ անձի կարիքները բավարարելու նպատակով, իսկ այս դեպքում դա ավելի քան կոնկրետ Աղվան Հովսեփյանն է:
Սակայն առավել զարմանալի է, որ իշխանություններն այսպես հաճկատարորեն ու աճապարանքով բավարարում են մի մարդու կարիքը և կառույցի ղեկավար են դարձնում մի պաշտոնյայի, ում նախընթաց գործունեությունը և մանավանդ կառույց ձևավորելու և ղեկավարելու փորձն ու աշխատանքի արդյունավետությունը առնվազն կասկածելի են: Եթե մի հրաշքով, դատախազության դուռը ետհամբուրելով, այսօր Ա. Հովսեփյանը մտնի իր երբեմնի ղեկավարած կառույց, դժվար թե այն «տեղը բերի»` կառույցում ոչինչ այլևս տեղում չէ, ոչ ոք այլևս իր աթոռին չէ, մարդիկ հեռացել են: Անշուշտ՝ սեփական դիմումների համաձայն: Իսկ դա նշանակում է, որ բոլոր հեռացածները միանշանակ խանգարում էին նոր գլխավոր դատախազին՝ իր դատախազական իդեալները կենսագործելու ճանապարհին: Հետևաբար, էլ ինչպե՛ս կարելի է հիմա էլ նոր կառույց վստահել մեկին, ում ստեղծած հինը հանրության աչքի առջև շատ կարճ ժամանակում և բառի բուն իմաստով ոչ ևս եղավ:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ