Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
-Պարո'ն Սողոմոնյան, մամուլում տեղեկություններ եղան, որ Դուք նամակով դիմել եք գլխավոր դատախազին` այն ժամանակ Աղվան Հովսեփյանին, հայտնելով հանցագործության մասին` կապված Արման Բաբաջանյանի` Քոչարյանների ընտանիքին վերաբերող դատական վճռի ոչ պատշաճ կատարման հետ: Իրո՞ք նման նամակ եղել է եւ ինչպիսի՞ն է եղել արձագանքը:
-Իրոք, 2013թ. հունիսի 17-ին ես ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել էի հանցագործության մասին հաղորդում: Բանն այն է, որ «Ժամանակ» օրաթերթը 2010թ. սեպտեմբերին հրապարակել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների վերաբերյալ վիրավորանք պարունակող եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Իսկ պարզ լեզվով ասած՝ հերթական անհեթեթ մի քանի ստեր:
Մենք դիմել էինք դատարան: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պարզել էր, որ Արման Բաբաջանյանի հրապարակած տեղեկություններն իրոք ամբողջովին չեն համապատասխանում իրականությանը, և 2011թ. հունիսի 6-ին վճռել էր պարտավորեցնել «Ժամանակ» օրաթերթին հրապարակել հերքում` օրենքով սահմանված կարգով: Այդ վճռի կատարումը ապահովելու ընթացքում նույն դատարանի կողմից տրվել է հերքման տեքստը պարզաբանելու մասին որոշում, իսկ դրա օրինական ուժի մեջ մտնելուց հետո ԴԱՀԿ ծառայությունը պատասխանող կողմին է ներկայացրել հերքման տեքստը` պատշաճ հրապարակելու պահանջով:
Որոշ ժամանակ անց, Արման Բաբաջանյանը ԴԱՀԿ համապատասխան ծառայությանն է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի 2013թ. մայիսի 22-ի օրինակը, որտեղ «ՀԵՐՔՈՒՄ» խորագրի ներքո զետեղված է եղել դատարանի կողմից հաստատված հերքման տեքստը: ԴԱՀԿ ծառայությունն էլ համարելով, որ դատարանի վճիռը փաստացի կատարվել է, այսինքն` հերքման տեքստը հրապարկվել է, 2013թ. մայիսի 29-ի որոշմամբ կատարողական վարույթը կարճել է: Այսինքն` կարծես թե ամեն ինչ կարգին էր:
Սակայն, 2013թ. հունիսի 5-ին հայկական կայքերից մեկում հրապարկվեց «ՄԻ ԿԵՂԾԱՐԱՐԻ ԷՊՈՊԵԱ» խորագրով հոդվածը, ինչից մեզ հայտնի դարձավ, որ իրականում հերքման տեքստը պարունակող թերթի համարը լույս է տեսել սահմանափակ տպաքանակով, չի վաճառվել կրպակներում եւ չի առաքվել Հանրային գրադարան, իսկ թերթի նույն համարի էլեկտրոնային տարբերակում հերքման տեքստի փոխարեն հրապարկվել է այլ` խնդրին չառնչվող հոդված:
Այս տեղեկություններով էլ ես դիմեցի ՀՀ գլխավոր դատախազին, որտեղից այնուհետ իմ նամակը ուղարկվեց ՀՀ ոստիկանություն:
Ոստիկանությունում այս կապակցությամբ նյութեր են նախապատրաստվել, և պարզվել է, որ իրոք, ինչպես և ես տեղեկացրել էի գլխավոր դատախազին, «Ժամանակ» օրաթերթի 2013թ. մայիսի 22-ի հերթական համարը, ի տարբերություն նախորդ եւ հաջորդ համարների, Արման Բաբաջանյանի գրավոր խնդրանքով` տպագրվել է փոքր տպաքանակով, չի առաքվել ոչ «Պրեսս-Ստենդի» մամուլի կրպակների ցանց, ոչ էլ Հայաստանի ազգային գրադարան: Եվ իրոք, «Ժամանակ» օրաթերթի էլեկտրոնային տարբերակը պարունակող կայքում 2013թ. մայիսի 22-ի համարում ընդհանրապես որեւէ հերքման տեքստ տպագրված չէ, իսկ ԴԱՀԿ ծառայություն ներկայացված այդ համարի օրաթերթում տպագրված «Հերքում» խորագրով տեքստի փոխարեն տպագրված է բոլորովին այլ հոդված:
Ըստ ոստիկանությունից մեր գրասենյակ հղված նամակի /ստացել ենք անցած ուրբաթ օրը/` նյութերի նախապատրաստման ընթացքում Արման Բաբաջանյանը ընդունել է իր մեղքը եւ հայտնել իր պատրաստակամությունը` հիշյալ դատական ակտի պատշաճ կատարումն ապահովելու վերաբերյալ: Պարզ ասած՝ կանչվելով ոստիկանություն և հասկանալով, որ իր ֆոկուսները չեն անցել, ստիպված է եղել հավուր պատշաճի ներողություն խնդրել: Էլեկտրոնային կայքում տեղադրել է հերքումը, առաքել է թերթի համարը Ազգային գրադարան և այլն: Այդ գործողություններից հետո ոստիկանությունը քրեական գործ չհարուցելու որոշում է կայացրել հետևյալ պատճառաբանությամբ. նախ` Արման Բաբաջանյանն իր հետագա գործողություններով զղջացել է. պատշաճ կերպով ու ամբողջությամբ կատարել է վճռի պահանջները եւ, նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի համաձայն` առաջին անգամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:
Ահա, սա է ամբողջ պատմությունը: Թե ինչպես անվանել այս արարքը, և թե ով է այսքանից հետո Արման Բաբաջանյանը՝ թող որոշի ընթերցողը: Թեև, անցյալի նրա գործունեությունը այդպես էլ լի ու լի բավարար էր նրա մասին ճիշտ եզրակացություններ անելու համար:
-Ոստիկանության պատասխանը Ձեզ բավարարո՞ւմ է:
-Այո, մենք լիովին բավարարված ենք: