կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-10 12:19
Իրավական

ՄԻՊ-ը գովաբանեց Վլադիմիր Գասպարյանին, Աղվան Հովսեփյանին…

ՄԻՊ-ը գովաբանեց Վլադիմիր Գասպարյանին, Աղվան Հովսեփյանին…

Արդեն հայտնել ենք, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ ութ ոլորտների ղեկավարների կլոր սեղան էր կազմակերպվել: Ելույթ ունեցան ուժային կառույցների ղեկավարներ` ՀՀ պաշտպանության նախարարության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի մասին խոսեցին նաև Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և ՀՀ կառավարության ԱԺ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

 

Ուշագրավ էր հատկապես Կարեն Անդրեասյանի ելույթը: Նրա խոսքերից կարելի էր տպավորություն ստանալ, որ Հայաստանում մարդու իրավունքները փայլուն վիճակում են:

 

Անդրադառնալով ոստիկանության գործունեությանը՝ Անդրեասյանն ասաց, որ Վլադիմիր Գասպարյանի՝ ոստիկանապետ եղած տարիների ընթացքում ծեծը գրեթե վերացել է:

 

Խոսելով քննչական կոմիտեի մասին՝ նա կարծիք հայտնեց, որ նոր ստեղծված այս մարմինն իր կարճատև գործունեության ընթացքում ապացուցել է, որ մարդակենտրոն կառույց է: Անդրեասյանը նշեց, որ Քննչական կոմիտեն «նախաքննական գաղտնիքի» նշանակությունը չի չարաշահում և քննության հետ կապված ցանկացած տեղեկություն, որը չի խոչընդոտի քննության ընթացքին, տրամադրում է հասարակությանը:

 

ՄԻՊ-ի խոսքով՝ մեծ են նաև կրթության ոլորտի ձեռքբերումները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

 

Անդրադառնալով պաշտպանության նախարարությանը` Անդրեասյանը նշեց. «Կուզեի նշել ՊՆ-ի գործառույթներում մի բան, որն ակնհայտ է բոլորիս համար: Այս տարի հայոց բանակը պաշտպանեց բոլորիս կյանքի և արժանապատվության իրավունքն ադրբեջանական սիստեմատիկ ագրեսիայից, որը մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներից և հերոսություններից մեկն էր: Կուզեի ասել, որ, բացի այդ հերոսություններից, նաև հետևողական աշխատանքների շնորհիվ վերադարձվել են մեր հայ գերիները, վերադարձվել են ուղղաթիռի անձնակազմի աճյունները, բանակում զորակոչը մաքրվել է բժշկական մանիպուլյացիաներից, և էականորեն նվազել են կոռուպցիոն դրսևորումները զորակոչիկների բաշխման ընթացքում: Սրանք այն դրական աշխատանքներ են, որոնք ֆիքսված են»:

 

Ի նշան համագործակցության` ոստիկանապետ Վալդիմիր Գասպարյանն ու Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը նվերներ հանձնեցին ՄԻՊ-ին: