կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-18 10:40
Իրավական

Քննիչները խախտում են հանցագործությունից տուժած մարդկանց իրավունքները

Քննիչները խախտում են հանցագործությունից տուժած մարդկանց իրավունքները

Քրեական գործով տուժողները հաճախ չեն ստանում քննիչների կողմից կայացված քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումը, նույնիսկ այն դեպքերում, երբ այդպիսի պահանջով նրանք դիմում են քննիչներին. հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

 

Արդյունքում, հանցագործությունից տուժած մարդիկ զրկվում են իրենց շահերը արդյունավետ պաշտպանելու հնարավորությունից, քանի որ երբ քննիչն ընդամենը գրավոր տեղեկացնում է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին, չնշելով այդ որոշումը կայացնելու հիմքերը, այդ որոշումները բողոքարկելիս տուժողները չեն կարողանում վիճարկել նման որոշումների հիմքերը: Մինչդեռ, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրականացումը հանդիսանում է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության օրենսդրական պահանջի ապահովման երաշխիք: 

 

Այսպես, օրինակ ժամկետային զինծառայության ընթացքում մահացած զինծառայող Զորիկ Մարգարյանի մայրը` Ալվինա Մարգարյանը, ցանկացել է բողոքարկել  իր որդու քրեական գործով վարույթի կասեցման որոշումը, սակայն դրա պատճենը նրան չի տրամադրվել: Պաշտպանի համապատասխան հարցմանն ի պատասխան` Պաշտպանության նախարարը հայտնել է, որ քրեական գործով կասեցման որոշման պատճենը տուժողի իրավահաջորդին տրամադրելու դատավարական կարգ սահմանված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ:       

 

 

Համապատասխան որոշումն անձանց չտրամադրելը քննիչները հիմնավորում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նման դատավարական հստակ կարգավորման բացակայությամբ: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Պաշտպանը պաշտոնական գրությամբ ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել իր մտահոգությունները և ներկայիս պրակտիկայի վերանայմանն ուղղված գործողությունների ձեռնարկման անհրաժեշտությունը: