կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-25 15:02
Հասարակություն

Ոստիկանները կոպտորեն խախտում են վարորդների իրավունքները

Ոստիկանները կոպտորեն խախտում են վարորդների իրավունքները

Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նկատում է վարորդների իրավունքների խախտման բազում դեպքեր: «Ներկայումս վարորդներին վարչական պատասխանատվության են ենթարկում բազմաթիվ խախտումներով: Սկսած այն պահից, երբ տեսուչը կանգնեցնում է մեքենան եւ վերջացրած' դատական ակտերով: Օրինակ` նախատեսված է, որ տեսուչը վարորդին կանգնեցնի ցուցաձողով, կարմիր սկավառակով եւ բարձրախոսով: Սակայն նկատում ենք, որ կանգնեցնում են ձեռքով թափահարելով, լապտերը միացնելով-անջատելով: Տեսուչը վարորդին ոչ թե մոտենում է անհապաղ, այլ սպասում, որ վարորդն իրեն մոտենա: Նա պարտավոր է վարորդին մոտենալուն պես ասել, թե նա ինչ խախտում է կատարել, արձանագրել խախտումը, որից հետո բարի ճանապարհ մաղթել: Իսկ վարորդն էլ, իր հերթին, պետք է ներկայացնի իր մոտ եղած փաստաթղթերը: Հենց այդ պահից սկսած` պետք է սկսվի վարչական վարույթը»,- այսօրվա ասուլիսում ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:

 

Նա նաեւ նշեց, որ եթե վարորդը համաձայնության չի գալիս տեսուչի հետ, ապա նա իրավունք ունի գրելու իր անհամաձայնությունը արձանագրության բովանդակության մեջ, որից հետո տեսուչը պետք է կայացնի որոշում: Սակայն այժմ տեսուչը գրում է արձանագրությունը, կայացնում որոշումը եւ տալիս է վարորդին ստորագելու, ինչը կոպիտ խախտում է, քանի որ վարորդը զրկվում է արտահայտվելու իրավունքից:

 

Հետաքրքիր է նաեւ, որ արձանագրությունը (ակտ) կազմվում է մեկ օրինակից, այնինչ պետք է լինի երկու օրինակով: Վարորդը ստիպված դիմում է գրում, որ իրեն ներկայացնեն արձանագրության պատճենը: «Խախտվում է ՀՀ ՎԻՎ օրենսգիրքի 267-րդ հոդվածը, խախտվում են վարորդի` պաշտպանվելու հիմնարար իրավունքները, հետևաբար, այդ վարչական ակտը պետք է ճանաչվի անվավեր: Ոչ մի օրենքով արգելված չէ, որ վարորդը նկարահանի այդ գործընթացը, քանի որ տեսուչը պետական-պաշտոնատար անձ է եւ իր ծառայությունները կատարում է թափանցիկ»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը: