Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, որ Պոդոլսկի ողբերգությունն օգտագործվեց հակահայ քարոզչության համար, ակնհայտ է: Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում հայտարարեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը` մեկնաբանելով 18 մարդու կյանք խլած վթարին մասնակից հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի իրավունքների խախտմանը:
Ըստ նրա` վարորդին կանացի խալաթով դատարան բերելը ոչ թե ռուս իրավապահ մարմինների որոշումն էր, այլ քաղաքական դիտավորություն:
«Սա արհամարհանք էր Հայաստան պետության նկատմամբ: Ես սա ասում եմ, ոչ միայն որպես Հայաստանի քաղաքացի: Եթե նույն կադրերը տեսնեի այլ երկրում, նույն ապրումները կունենայի: Մինչև հիմա չեմ կարողանում այդ վիրավորանքից դուրս գալ»,- ասաց Իշխանյանը:
Իրավապաշտպանի խոսքով` ՌԴ-ն, լինելով Եվրախորհրդի անդամ, իրավունք չուներ մարդուն այդ կերպ նսեմացնել: «Ես չեմ ուզում բանավիճել ռուս որևէ իրավաբանի կամ քաղաքագետի հետ, քանի որ ակնհայտ է, որ դա վիրավորանք էր մեր երկրին»,- կրկնեց նա:
Իշխանյանն ասաց նաև, որ երեկ ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ զրուցելով Հրաչյայի հարազատների հետ, վստահ կարող է հայտնել, որ նրա ընտանիքը այն լավագույն ընտանիքներից է, որ սիրում է իր երկիրը և միտք էլ չունի արտագաղթելու: