կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-27 16:08
Իրավական

Ինֆորմացիան էներգիա է, որը հոսելու հատկություն ունի. իրավապաշտպանը` նախաքննական գաղտնիք հրապարակելու մասին

Ինֆորմացիան էներգիա է, որը հոսելու հատկություն ունի. իրավապաշտպանը` նախաքննական գաղտնիք հրապարակելու մասին

Խոշոր չափի խարդախության, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար մեղադրվող` օֆշորյան սկանդալի գլխավոր հերոս Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրի Խաչատրյանը և նույն գործով տուժող` գործարար Փայլակ Հայրապետյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը նախաքննական գաղտնիքը չհրապարակելու վերաբերյալ ստորագրություն են տվել:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` նախաքննական մարմինը նման որոշման է հանգել այն բանից հետո,  երբ Սուքիասյանի պաշտպանը նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է հայտնել լրատվամիջոցներին: Նկատենք, որ վերջին շրջանում սա միակ գործը չէ, երբ նախաքննական մարմինը փորձում է «սաստել» փաստաբաններին` այդ կերպ նաև սահմանափակելելով նրանց շփումները լրատվամիջոցների հետ:

 

Ամիսներ առաջ էլ նման ստորագրություն են տվել Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության` ոչ պակաս հնչեղ գործով մեղադրյալների պաշտպաններ Վարդուհի Էլբակյանն ու Արսեն Սարդարյանը: Նրանք վերջին շրջանում գրեթե դադարեցրել են շփումները լրատվամիջոցների հետ:

 

Արդյո՞ք այս հանգամանքը չի ճնշում փաստաբաններին, և որքանո՞վ է արդարացված նախաքննական մարմնի նման մոտեցումը:

 

«Քաղաքացին ինֆորմացիա ստանալու իրավունք ունի, և ամեն ինչ չէ, որ պետք է գաղտնի լինի, մանավանդ, որ հանրությունը շահագրգռված է, որպեսզի բացահայտվեն հանրության դեմ ուղղված հանցագործությունները»,- yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

 

Նրա կարծիքով` օրենսդիրը կարող է որոշել, թե կոնկրետ գործով ինչն է ենթակա հրապարակման, ինչը` ոչ, այլ ոչ թե ընդհանուր վերցնել և նախազգուշացնել: Ըստ Զեյնալյանի` որևէ իրավական հիմք չկա` փաստաբանին պարտավորեցնել չհրապարակել նախաքննական գաղտնիքը: «Առանց այն էլ գործի նախաքննության ընթացքում փաստաբանն այնքան էլ մեծ տեղեկատվության չի տիրապետում»,- ասաց նա և հավելեց, որ նախաքննական մարմնի նման մոտեցումը ոչ միայն չի բխում տվյալ գործի շահերից, այլև քողարկված շահ է հետապնդում, որն էապես տարբերվում է «հանրային շահ» հասկացությունից:

 

«Այսօր չկա հստակ սահմանված, թե ո՞րն է նախաքննության գաղտնիք, ինչո՞ւ է դա գաղտնիք, և ո՞ր պահից է դադարում այն գաղտնիք լինել: Եվ, ընդհանրապես, գաղտնիքը վատ բան է, և հնարավոր չէ այն պահել, եթե կա ինֆորմացիա, որը էներգիա է, իսկ դա էլ իր հերթին հոսելու հատկություն ունի»,- ասաց իրավապաշտպանը:

 

Նույն կարծիքին է նաև փաստաբան Հայկ Ալումյանը: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր անորոշ է «նախաքննական գաղտնիք» հասկացությունը. «Այսօր հնարավոր չէ ասել, թե փաստաբանին հայտնի դարձած տեղեկությունների ո՞ր մասը կարելի է համարել գաղտնի, ո՞ր մասը` ոչ: Օրինակ` եթե ես հայտնեմ, որ իմ պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարաձգվել է, դա կհամարվի նախաքննության գաղտնի՞ք»:

 

Ըստ նրա` ցանկացած հայտարարություն անհրաժեշտության դեպքում կարող են մտցնել նախաքննական գաղտնիք հասկացության տակ և սահմանափակել դրա հրապարակումը: Դրանից խուսափելու համար փաստաբանն առաջարկում է. «Օրինակ` քննիչը ինչ-որ նյութի ծանոթացնելիս, եթե համարում է, որ այն տվյալ պահին ենթակա չէ հրապարակման` պետք է այդ նյութի վերաբերյալ ստորագրություն վերցնի, որը փաստաբանը հնարավորություն ունենա նաև վիճարկելու (բողոքարկելու)»:

 

Հարցին, թե` հնարավո՞ր է այս խնդիրը փաստաբանների բողոքի առիթ դառնա, Ալումյանը նշեց. «Փաստաբանը նախաքննության ժամանակ գործի հետ կապված այնքան խնդիրներ է ունենում, որ հերթը դրան չի հասնում, սակայն եթե լինեն փաստաբաններ, որոնց կկաշկանդի այդ հանգամանքը, կարող են տարբեր ատյաններում վիճարկել այդ հարցը, անգամ` դիմել Սահմանադրական դատարան, եթե հարցը այդ հարթության վրա լինի»:

 

Փաստաբան Վաղարշակ Գևորգյանն էլ, ով, ինչպես արդեն նշեցինք, օֆշորի գործով նախազգուշացվել է նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին, կարծում է, որ փաստաբանները չպետք է անցնեն կոռեկտության սահմանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ նախկինում այլ գործերով երբեք նման ստորագրություն չի տվել, իսկ այս գործով նախազգուշացվելն, ըստ նրա, կապված է գործի հնչեղության և դրա շատ լուսաբանման հետ: «Ես ինչ-որ ասում եմ, ասում եմ թույլատրելիի սահմաններում, հրապարակում եմ այն, ինչ որ պետք է հրապարակվի, ոչ թե այն, ինչը պետք է շոու դառնա»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա մայիսի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ հիշեցնելով, որ նախաքննական գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումը` առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության, առաջացնում է քրեական պատասխանատվություն: Նշենք, որ, ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի համաձայն, հետաքննության կամ նախաքննության տվյալների հրապարակումը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով: