Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հակասահմանադրական են իրավանորմերը, որոնց համաձայն` քաղաքացիական և վարչական գործերով վճռաբեկ բողոքները պետք է տարվեն միայն ու միայն փաստաբանի միջոցով: Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը Yerkir.am-ին հայտնեց, որ պատրաստվում է առաջիկայում 4-5 դիմում ներկայացնել Սահմանադրական դատարանին, որոնք վիճարկում են այդ նորմերի սահմանադրականությունը:
Այս տարվա հունվարի 7-ին ուժի մեջ մտավ Վարչական դատավարության նոր օրենսգիրքը, որի 154-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է հետևյալը. «Ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով»: Իսկ ահա հունիսի 10-ին ուժի մեջ մտան նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները: Այն, որ քաղգործերով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վճռաբեկ բողոք տանել միայն փաստաբանի միջոցով, սահմանվում է օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասով:
Արտակ Զեյնալյանի գործընկեր, իրավաբան Արա Ղազարյանը, սակայն, հակասահմանադրական չի համարում նորմը, ավելին` կարծում է, որ օրենսդիրը ճիշտ է գործել այս դեպքում` հաշվի առնելով վճռաբեկ դատարանի հատուկ կարգավիճակը: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշում է, որ այս դեպքում նորմի հակասահմանադրականության հարցը որոշելիս պետք է առաջնորդվել Սահմանադրական դատարանի կողմից ընդունված ՍԴՈ-765 որոշման 14-րդ կետում նշված դրույթով. «Այսինքն` հակասահմանադրական կլինի, եթե փաստաբանական կորպուսը չկարողանա ապահովել այլընտրանքային մեխանիզմ, որը բոլոր քաղաքացիների համար ապահովում է դատական պաշտպանության իրավունք»:
Իսկ այլընտրանքային ասելով` հասկանում ենք անվճար իրավաբանական ծառայությունները և նկատի ունենում հանրային պաշտպանի գրասենյակը (ՀՊԳ):Սակայն եթե հաշվի ենք առնում, որ Հանրային պաշտպանի գրասենյակը ոչ բոլոր քաղաքացիներին է ծառայություններ մատուցում, ապա հետևությունն այն է, որ, այնուամենայնիվ, որոշ քաղաքացիների իրավունքների խախտում կա: «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասում նշված են այն անձինք, որոնց ՀՊԳ-ն անվճար իրավաբանական ծառայություններ է մատուցում:
Եթե վճռաբեկ բողոք տանող անձը վերոնշյալ հոդվածում նշված և ոչ մի կատեգորիային չի պատկանում, ապա ստիպված է դիմել փաստաբանին, առնվազն 50 հազար դրամ վճարել այդ բողոքը կազմելու համար կամ էլ միայն խնդրել, որ վերջինս ստորագրի արդեն իսկ գրված բողոքի տակ:
«Ինչ-որ կերպ փոխվո՞ւմ է բողոքի բովանդակությունը, եթե դրա տակ ստորագրում է կոնկրետ հասարակական կազմակերպության ներկայացուցիչը կամ այլ մեկը»,- հարց է տալիս իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և նշում, որ այս դեպքում խնդիրը ոչ միայն իրավական, այլև կառավարչական է. «ՀՊԳ-ն և Փաստաբանների պալատը չեն կարող ամբողջ Հայաստանի Հանրապետությանը սպասարկել: Եվ եթե տեսականորեն փորձենք այդ ամբողջ ծավալով ապահովել փաստաբաններ, ապա դա ազգային կապիտալի անարդյունավետ կառավարում է: Եվ այստեղ կապ չունի, թե վճարումն ում գրպանից է գնում` պետության, թե` մարդու»:
Փաստաբան Արա Զաքարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշում է, որ միայն փաստաբանի միջոցով բողոքներ տանելու սահմանափակումը ուղղված է այդ բողոքների որակի բարձրացմանը: Իսկ քաղաքացիների կողմից գրված բողոքների գերակշիռ մասը չեն բավարարում վճռաբեկ բողոքի չափանիշներին: Փաստաբանի խոսքով` անձի իրավունքների սահմանափակում կարող էր լինել, եթե նորմը վերաբերեր նաև առաջին ու վերաքննիչ ատյաններին:
«Ես կարծում եմ, որ օրենսդիրը ճիշտ է վարվել: Ամբողջ աշխարհում այսպիսի պրակտիկան ընդունված է: Անձը որքան էլ իրավաբանական գիտելիքներ ունենա, եթե չունի փաստաբանի համապատասխան որակավորում, ապա ենթադրվում է, որ նա չունի համապատասխան հմտությունները, և իր շահերը պատշաճ ներկայացնելը անհրաժեշտ է»,- ասաց Ա. Զաքարյանը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դեռևս ձեռնպահ է մնում վերոնշյալ իրավանորմերի վերաբերյալ կողմ կամ դեմ կարծիք արտահայտելուց. «Գիտենք, որ վճռաբեկ դատարանի առաքելությունը իրավունքի զարգացումն ու օրենքի միատեսակ կիրառություն ապահովելն է: Եվ սա փորձ է նրան ուղղված բողոքների որակը բարձրացնելուն, այլ հարց է, թե որքանով սա կաշխատի»: Yerkir.am-ի հետ զրույցում Տ. Աթանեսյանը հավելում է նաև, որ եթե խոսվում է որակի մասին, ապա որոշ փաստաբանների էլ պետք է արգելվի վճռաբեկ բողոքներ գրել:
«Եթե որակը բարձրացնելուն է ուղղված այս իրավանորմը, ապա ինչո՞ւ է սահմանափակումը վերաբերում միայն վճռաբեկ դատարանին, պակա՞ս դատարաններ են վերաքննիչն ու առաջին ատյան»,- ասաց իրավապաշտպան Ա. Զեյնալյանը:
Նրա խոսքով` այսպիսով քաղաքացու համար վճռաբեկ դատարանի մատչելիությունը հասցվում է նվազագույնի, քանի որ մարդն անձամբ դատարան դիմելու և իր իրավունքների պաշտպանությունն անձամբ իրականացնելու իրավունք ունի:
Վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականությունը վիճարկող դիմում կա Սահմանադրական դատարանի վարույթում: ՍԴԱՈ-35 աշխատակարգային որոշմամբ` քաղաքացի Արա Սարգսյանի դիմումը գրավոր ընթացակարգով քննվելու է այս տարվա դեկտեմբերի 9-ին նշանակված նիստում: Ա. Զեյնալյանը հայտնեց, որ առաջիկայում ինքն էլ 4 կամ 5 նման բովանդակությամբ դիմումներ է ուղարկելու ՍԴ:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ