Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը ունիկալ երկիր է, հատկապես` էլեկտրաէներգետիկայի տեսանկյունից: Լինելով սակավ էներգակիրներ ունեցող երկիր` մենք եզակի ենք այն առումով, որ, թերեւս, Հայաստանից բացի, հայտնի չէ մեկ այլ երկիր, որն ունենա էլեկտրաէներգիայի ավելցուկ:
Հայաստանի Հանրապետությունում միայն 2012 թվականին արտադրվել է 8 միլիարդ 32 միլիոն 200 հազար կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, բայց օգտագործել ենք 7 միլիարդ 619 միլիոն յոթ հարյուր հազար կՎտ/ժամը: Որպեսզի ավելի հասկանալի լինի` «Հայաստանի էլեկտրական ցանցերի» կողմից Հայաստանի սպառողներին մատակարարված էլեկտրաէներգիայի քանակը կազմել է 5 միլիարդ 120 միլիոն կՎտ/ժամ: Մնացածը, բնականաբար, ավելցուկն է: Հետաքրքիր է, որ մեր բոլոր հարեւաններն էլ ունեն էլեկտրաէներգիայի դեֆիցիտ: Նույնիսկ ավելին` հարեւանների հարեւաններն էլ ունեն դեֆիցիտ:
Բայց մինչ այժմ չենք կարողացել դուրս գալ միջազգային շուկա: Դա արտաքին հարաբերությունների խնդիր է…
Անդրադառնանք մեկ այլ հարցի. Հայաստանում կա էլեկտրաէներգիա արտադրող 6 խոշոր կայան` ԱԷԿ-ը, Հրազդանի ՋԷԿ-ը, Երեւանի ՋԷԿ-ը, Հրազդանի 5-րդ էներգաբլոկը, Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադը եւ Սեւան-Հրազդան կասկադը: Դրանից բացի, ունենք նաեւ վերականգնվող էներգետիկայի 142 կայան, որոնցից մեկը հողմակայան է, մեկը` բիոլոգիական վառելիքով աշխատող կայան, մնացածը` փոքր ՀԷԿ-եր:
Բնականաբար, այս բոլոր կայանների արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքները տարբեր են` սկսած ԱԷԿ-ի արտադրած` ամենացածր ինքնարժեքով էլեկտրաէներգիայից` մոտ 7 դրամ` 1կՎտ/ժամի համար, մինչեւ ամենաբարձր ինքնարժեքով` ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի արժեքները:
Հարց է առաջանում` հնարավո՞ր է, արդյոք, այնպես անել, որ ազգաբնակչության բոլոր շերտերը, բոլոր ներկայացուցիչները էլեկտրաէներգիայի համար չվճարեն միեւնույն սակագինը: Առաջին պարզ տարբերակը, որ մտածում ենք` ավելի ցածր ինքնարժեք ունեցող էլեկտրաէներգիան` ԱԷԿ-ի արտադրածը, կարելի է վաճառել բնակչությանը ավելի ցածր սակագներով… Դա, պարզվում է, անիրատեսական է: Որովհետեւ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը` արտադրողից մինչեւ վերջնական սպառող, գոյանում է հետեւյալ սկզբունքով. բոլոր արտադրող կայաններից նրանց` տարբեր ինքնարժեքներով արտադրած էլեկտրաէներգիան` միջին կշռութային` 17.844 դրամ` կՎտ/ժամ արժեքով, գնում է հաղորդող միակ ընկերությունը` «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ը, որն իր մատուցած ծառայությունների համար յուրաքանչյուր կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի հաղորդման համար արժեքին ավելացնում է եւս 1.38 ժամ, սրան գումարվում է հաշվիչ կայանի մատուցած ծառայությունների արժեքը, կորուստի, սեփական եւ տնտեսական կարիքների արժեքները բաշխման ցանցերում` եւս 3.336 դրամ` 1կՎտ/ժամի համար, եւս 11.244 դրամ` բաշխման ցանցի ծառայությունների մատուցման համար: Արդյունքում` էլեկտրաէներգիայի սակագինը դառնում է 33.79 դրամ` 1 կՎտ/ժամի համար` 0.38 կիլովոլտ լարման սպառողների, այսինքն` բնակչության համար: Իսկ 6-10 կիլովոլտ և 35 կիլովոլտ ու ավելի բարձր լարման սպառողների համար այդ սակագինն ավելի ցածր է:
«Թե ինչու է բնակիչն ավելի շատ վճարում, քան տնտեսվարողը, դրան բացատրություն կա. ցանցի կառուցվածքն այսպիսին է` արտադրող կայաններից բարձր լարումով հոսանքը մտնում է բարձրավոլտ էլեկտրացանցեր, որոնք 220 կիլովոլտից բարձր են: Հաջորդ սպառողները 110 կիլովոլտի սպառողներն են, այսինքն` իրենք, կարելի է ասել, ավելի մեծածախ սպառողներն են` բարձր լարման սպառողներն են, եւ ավելի քիչ ծախս են առաջացնում: Այստեղ տրամաբանությունն այն է, որ ամեն սպառող վճարում է նրա դիմաց, ինչ ծախս առաջացնում է մատակարար ընկերության համար: Որովհետեւ 35 կիլովոլտ սպառողից հետո տրանսֆորմացիոն ենթակայանում, գծերում առաջանում է կորուստ: Կորուստներ առաջանում են նաեւ 6-10 կիլովոլտ լարման ենթակայանների համար` ավելանում են շահագործման ծախսերը: Այսինքն` այդ սպառողներն ավելի բարձր սակագին են ունենում, քան 35 կիլովոլտ սպառողների դեպքում: Հաջորդ` ամենավերջին օղակը 0.38 կիլովոլտ լարումն է, որտեղ նույնպես կորուստներ են առաջանում, բացի այդ էլ` ամբողջ տնտեսությունը սպասարկում է մինչեւ իրենց հասնելը»,- պարզաբանեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:
Նրա ներկայացմամբ` կոնկրետ սպառողի համար էլեկտրաէներգիան կայանից մինչեւ սպառող հասցնելու համար պետք է կորուստ լինի, եւ եթե 110 կիլովոլտ սպառողի համար այդ կորուստը ընդամենը 2.85 տոկոս կարող է լինել, ապա արդեն ավելի ցածր լարման դեպքում տեխնոլոգիական կորուստները մեծանում են: Իսկ սակագինը հաշվելու ժամանակ արժեքի մեջ ներառվում են անխուսափելի կորուստները: Սա նորմալ է այստեղ, որպեսզի ավելի հասկանալի լինի, պայմանականորեն ասենք` գործում է «ընդհանուր կաթսայի» գաղափարը, որտեղ հավաքվում է բոլոր «մակնիշների» էլեկտրաէներգիան` համապատասխան արժեքներով, ներառվում են բոլոր ծախսերը ու բաժանվում ընդհանուր էլեկտրաէներգիայի քանակի վրա: Այսինքն` այս տարբերակով էժան էլեկտրաէներգիա ազգաբնակչությանը մատակարարել հնարավոր չէ:
Բայց կա մեկ այլ մեխանիզմ, որն առաջարկում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը` դիֆերենցված սակագնային քաղաքականությունը: Ըստ այդմ` առաջարկվում է մշակել երեք տարիֆային պլաններ` ամսական 100 կՎտ/ժամ-ից պակաս էլեկտրաէներգիա օգտագործողների համար առաջարկվում է ամենացածր սակագինը սահմանել` մոտ 15 դրամ` 1 կՎտ/ժամի համար, 100-300 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա սպառողների համար` միջին գին, եւ 300 կՎտ/ժամից ավելի օգտագործողների համար ամենաբարձր գինը` մոտ 42 դրամ` 1 կՎտ/ժամի համար:
«Հանրային ծառայությունը չի կարող չունենալ սոցիալական ուղղվածություն: Հիմա մենք առաջարկում ենք օգնություն կոչվածը վերածել հանրային ծառայությունների` դիֆերենցված սակագների եղանակի: Այսինքն` այն բարիքների համար, որոնք ունեն հաշվիչային չափման ձեւ` ջուրը, լույսը գազը եւ այլն, սահմանել դիֆերենցված սակագներ: Դու ունես 18 սենյականոց բնակարան ու շատրվան` ջուրն էլ, գազն էլ, հոսանքն էլ շատ ես ծախսում, ուրեմն բարի եղիր բարձր սակագնով վճարել: Իսկ այն 1 սենյականոցում յոլա գնացողը թող ավելի ցածր սակագին վճարի: Այսինքն` մատակարարի համար հավաքվող գումարը նույնն է մնում, բայց վերաբաշխում է կատարվում, եւ դա շատ ճիշտ է: Սակագների դիֆերենցումը` ըստ սպառման, սա է ճիշտ ձեւը, այդ թվերը դրանից են բխում: Սա ոչ թե հնարավոր է, այլ պարտադիր: Դու դղյակ ունես, քեզ համար ի՞նչ տարբերություն` դու 5-10 դրամ ավելի վճարիր հոսանքի, գազի, ջրի համար»,- նշեց Արմեն Պողոսյանը:
Նրա հիմնավորմամբ` մեր երկրում տարեկան մոտ 37 միլիարդ դրամ օգնության ու նպաստի ձեւերով բաժանվում է սոցիալապես անապահով ընտանիքներին ու դրանով նրանց մոտ մուրացիկի հոգեբանություն առաջացնում: Ու եթե որպես նպաստ, էժան գնով գազ լույս, ջուր եւ այլն տրամադրվի այդ մարդկանց, դա էլ կլինի խթանը, եւ մուրացիկի հոգեբանությունից դուրս կգան: Նույն սկզբունքով կարելի է նաեւ տնտեսվարողներին վերաբերվել, բայց այստեղ ստորաբաժանումը կատարել ըստ փոքր, միջին ու մեծ բիզնեսի: Այս մոդելը կիրառվում է այն բոլոր երկրներում, որտեղ բնակչության կենսամակարդակը բարձր է` եվրոպական բազմաթիվ երկրներում, հատկապես` Սկանդինավյան երկրներում:
Այս եւ նմանատիպ առաջարկներ բազմիցս են հնչել, սակայն պատկան մարմինների կողմից անհրաժեշտ ուշադրության այդպես էլ չեն արժանացել:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ