Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ երեկոյան Ամուլսարի ճանապարհները փակած խմբի ներսում վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ջերմուկից մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ծեծկռտուքի հետեւանքով կան լուրջ տուժածներ: Միջադեպի մասնակիցները ստիպված են եղել շտապ օգնության մեքենա կանչել, սակայն բախումները շարունակվել են, ու նույնիսկ ջարդվել է շտապ օգնության մեքենայի ապակին: Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ տուժողներից առնվազն մեկը տեղափոխվել է հիվանդանոց:
Հատկանշական է, որ մինչ այսօր ժամը 14:53-ը ոստիկանությունն այս մասին որեւէ հաղորդում չէր տվել:
Մենք կապ հաստատեցինք ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, ով ի պատասխան մեր հարցման՝ ասաց.
– Բացի այդ դեպքից, որ արդեն իսկ հաղորդագրություն տարածել ենք, այլ միջադեպ այդ տարածքում չի գրանցվել:
Հարցին՝ Ամուլսարի ճանապարհները փակած խմբի ներսում վիճաբանություն եւ ծեծկռտուքի վերաբերյալ ահազանգ-հաղորդում չե՞ն ունեցել, պատասխանեց, որ ոչ, ուղղակի եղել է այդ խուլիգանության դեպքը:
Ոստիկանության հաղորդման տեքստում, որը վերնագրված է՝ «Ջերմուկի ոստիկանները բերման են ենթարկել անսթափ երիտասարդին», ասվում է. «Հունիսի 21-ին, ժամը 01:30-ին, շտապօգնության հերթապահ բժիշկը հաղորդում է տվել, որ Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցում, անհայտ անձը ոչ սթափ վիճակում կանգնել է շտապօգնության մեքենայի դիմաց, ձեռքին եղած իրով հարվածել դիմապակուն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով՝ կոպտորեն խախտել հասարակական կարգը եւ տվել սեռական բնույթի հայհոյանքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կատարողը նույն փողոցի 26-ամյա մի բնակիչ է: Խուլիգանություն կատարելու կասկածանքով նա բերման է ենթարկվել բաժին, որտեղ շարունակել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել` խաթարելով ոստիկանության բաժնի բնականոն աշխատանքը:
Նախապատրաստվում են նյութեր»:
Ոստիկանության այս հաղորդման մեջ առնվազն խոսք անգամ չկա այն մասին, որ հանցանքը կատարողները Ամուլսարի ճանապարհները փակողներն են, որը համառորեն եւ ակնհայտորեն թաքցնում են՝ չնշելով, թե ում միջեւ եւ ինչու է ծեծկռտուք եղել, եւ այլն։ Այս հաղորդագրությունից ընթերցողը այդպես էլ գլխի չի ընկնում՝ ինչ է իրականում տեղի ունեցել, որովհետեւ ասվում է, թե անհայտ ինչ-որ մեկը ոչ սթափ վիճակում կանգնել է շտապօգնության մեքենայի դիմաց եւ, չգիտես ինչու՝ ձեռքին եղած իրով հարվածել է այդ մեքենայի դիմապակուն։ Խոսք անգամ չկա, թե ինչու էր դեպքի վայր ժամանել շտապօգնության մեքենան։
Հիշեցնենք, որ տարեսկզբին մենք եւս մեկ լուր հրապարակեցինք այն մասին, որ բախումներ են եղել համայնքում Ամուլսարի հանքի կողմնակիցների եւ ճանապարհը փակողների միջեւ: Այն ժամանակ ոստիկանությունը շտապել էր հերքել լուրը: Սակայն մեր կողմից դեպքն ապացուցող լուսանկարների հրապարակումից հետո ոստիկանությունից այլեւս արձագանք չեղավ:
Այս անգամ, մեր տեղեկություններով, արդեն բախվել են ոչ թե Ամուլսարի կողմնակիցներն ու հակառակորդները, այլ լուրջ ընդհարում է տեղի ունեցել հենց ճանապարհը փակողների միջեւ:
Տպավորություն է ստեղծվում, որ իրավապահ մարմինները կամ լիարժեք չեն տիրապետում տեղում իրավիճակին, կամ փորձում են թաքցնել Ամուլսարում արդեն մեկ տարի փակ ճանապարհների շուրջ վտանգավոր միջադեպերի փաստերը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում
«168 ժամ»