կարևոր
3367 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-24 16:49
Քաղաքական

Ժ. Անդրեասյանը համառորեն չի պատասխանում Արցախի ԿԳՄՍ նախարարի զանգերին

Ժ. Անդրեասյանը համառորեն չի պատասխանում Արցախի ԿԳՄՍ նախարարի զանգերին

Yerkir.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանն այս օրերին ամեն կերպ փորձում է հանդիպել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, սակայն վերջինս որևէ ձևով չի արձագանքում արցախցի իր գործընկերոջ զանգերին ու հանդիպման առաջարկներին:  

Փաստենք, որ այս փուլում հազար ու մի հարցեր կան կուտակված Արցախի ԿԳՄՍ նախարարի մոտ, որոնք առնչվում են ուսանողների դիպլոմներին, ցուցակներին, կրթության նախարարության և կրթական համակարգի ներկայացուցիչներին աշխատանքի տեղավորելու խնդիրներին և այլն, և նման իրավիճակում, երբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի աթոռին բազմածը ոչ միայն մեկ, այլև ամենօրյա հանդիպումների ու քննարկումների ընթացքի մեջ պետք է լիներ Արցախի իր գործընկերոջ հետ, պարզվում է՝ հարկ չի համարում անգամ պատասխանել վերջինիս զանգերին:

Ժաննա Անդրեասյանի սույն վարքագիծը պատճենված է Նիկոլ Փաշինյանի հանցավոր քայլերից, քաղաքականություն, որը նպատակ ունի արմատապես ոչնչացնել Արցախի Հանրապետության բեկորները, Փաշինյանի իշխանության դավաճանության արդյունքում ամեն ինչից զրկված, տնավեր դարձած արցախահայությանը մատնել բախտի քմահաճույքին, ցրել ՀՀ-ով ու աշխարհով մեկ և Արցախի հարցը փակել մեկընդմիշտ: Սա այն ամենն է, ինչը տասնամյակներով երազել են Էրդողանն ու Ալիևը: Ահա թե ինչու և ինչպես է Նիկոլ Փաշինյանի հանցավոր իշխանությունն ուղղակիորեն սպասարկում թուրք-ադրբեջանական շահերը, խմբավորում, ով կործանել է Արցախը և այժմ իրագործում է ծրագրի երկրորդ փուլը՝ ՀՀ-ի թրքացումը:

Վ.Ս.