Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին: Մասնավորապես` ՀՅԴ-ի հետ հնարավոր կոալիցիայի վերաբերյալ նա ասաց, որ որևէ մեկը` ո\'չ իշխանական ճամբարից, ո\'չ էլ ընդդիմադիր ճամբարից, չի արել հայտարարություն, որ առաջիկայում պետք է կոալիցիաներ ձևավորվեն: Ընդամենը հանդիպումներ են իրականացվում ՀՀ նախագահի հետ, բայց վերջնական որոշումներ դեռ չեն կայացվել: Կոալիցիայի վերաբերյալ հարց չի քննարկվել անգամ ՀՀԿ Խորհրդի նիստում:
«Կոալիցիա ստեղծելու մասին խոսակցությունները դեռևս օդում են, խոսակցությունները գնում են ընդամենը քաղաքական համագործակցության մասին, որի նպատակը քաղաքական կայունություն ապահովելն է, ինչն էլ կբերի տնտեսական կայունության և տնտեսական աճի»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքով` ՀՀԿ-ն վստահում է բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր փորձում են համագործակցության կոչով հանդես գալ, նպաստել քաղաքական կայունությանը: Գագիկ Մելիքյանի համոզմամբ` ցանկացած քաղաքական համագործակցություն որևէ երկրում ժամանակավոր բնույթ է կրում, դրանք լինում են համագործակցություններ ընտրություններից առաջ կամ հետո` մինչև հաջորդ ընտրություն:
Լրագրողների հարցին` արդյո՞ք հանրապետության նախագահը պատրաստ է ստորագրությունը հետ կանչել հայ-թուրքական արձանագրություններից, քանի որ ՀՅԴ-ի հայտնի յոթ կետերից մեկը դա է, Գագիկ Մելիքյանը կարծիք հայտնեց, որ ստորագրությունները հետ կանչելու առումով դեռ ժամանակ կա` քննարկելու:
«Ողջունում եմ, որ Դաշնակցությունը համառորեն գնում է իր քաղաքական հայտարարությունների և յոթ կետերի` մաս առ մաս իրականացմանը: Ցանկացած քաղաքական ուժի, այդ թվում` ընդդիմադիր, նպատակը պետք է լինի իրենց ծրագրային հիմնադրույթների համապատասխանեցումը իշխանական ուժի ծրագրային հիմնադրույթներին, և Դաշնակցությունը ճիշտ ճանապարհ է բռնել` այս առումով»,- ասաց Գագիկ Մելիքյանը: