կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-03 13:46
Իրավական

Թե ինչպես ԱԺ-ն հայտնվեց դատարանում

Թե ինչպես ԱԺ-ն հայտնվեց դատարանում

ՀՀ վարչական  դատարանում` դատավոր Հարությունյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ «Ինֆորմացիայի ազատություն» ՀԿ-ն ընդդեմ Ազգային ժողովի» գործով նախնական դատական նիստը:

 

2012թ. նոյեմբերի  22-ին «Ինֆորմացիայի ազատություն» ՀԿ-ն դիմել էր ԱԺ-ին` պահանջելով տրամադրել ԱԺ նախագահի 2012թ. առաջին կիսամյակի որոշ կարգադրությունների պատճեններ: ԱԺ-ն, սակայն, 12 կարգադրությունների պատճեններ հրաժարվել էր տրամադրել` պատճառաբանելով, որ դրանք պարունակում են աշխատողների վերաբերյալ անձնական տվյալներ:

 

Հայցվոր կողմի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեջլումյանը դատարանին հայտնեց, որ ԱԺ-ն, ՀԿ-ին չտրամադրելով համապատասխան տեղեկատվությունը, խախտել է ՀՀ Սահմանադրության 27, 27-1 հոդվածները, ինչպես նաև տեղեկատվության ազատության մասին օրենքի 1,3,6,9 հոդվածները: Ըստ նրա` ԱԺ-ն որևէ կերպ չի հիմնավորել դրանց` անձնական բնույթի լինելը:  

 

Բացի այդ, փաստաբանի խոսքով, ԱԺ-ն կարգադրությունները չի տեղադրել նաև  իր կայքէջում: Սակայն այդ հարցը, ըստ նրա, այլ է և սույն գործի շրջանակներում այն չի քննարկվի:

 

Պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ իրավաբանական  վարչության պետի տեղակալ, խորհրդատու Սոնա Թևանյանի խոսքով` իրենք չէին կարող տրամադրել այդ տեղեկատվությունը, քանի որ դրանք պարունակել են այնպիսի տեղեկություններ,  որոնք վերաբերել են աշխատակիցների պարգևատրումներին, հավելավճարներ սահմանելուն և այլն: Իսկ կայքեջում չտեղադրելը, ըստ նրա, տեխնիկական խնդիրների հետևանք է: Փաստաբանը պատրաստակամություն հայտնեց տրամադրել, թե որ կարգադրությունն ինչ բովանդակություն ունի` չնշելով աշխատակիցների անունները:

 

Կարեն Մեջլումյանն էլ նշեց, որ նման տեղեկանք ներկայացնելու  դեպքում  հարկ կառաջանա ևս մեկ նախնական նիստ գումարել, որից հետո իրենք կծանոթանան դրան և գուցե հաշտության գան:

 

Դատարանը, հաշվի առնելով կողմերի կարծիքները, հետաձգեց նիստը և նշանակեց օգոստոսի 7-ին:

 

ԱԺ իրավաբանական  վարչության պետի տեղակալը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ԱԺ-ում երբեք նման խնդիր չի եղել, և իրենք առաջին անգամ են նման գործով հայտնվել դատարանում: