Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրության շրջանում բուռն քննադատությունների առիթ է տվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովի ավարտին Մոսկվայի հայկական եկեղեցու տարածքում Նիկոլայ 2-րդի կիսանդրին տեղադրելու փաստը:
Պատմությունից բոլորին է հայտնի, որ Ռուսաստանի վերջին կայսեր օրոք ընդունվեց Եկեղեցական գույքի բռնագրավման օրենքը, փակվեցին հայկական դպրոցներ (միայն երկու տարի անց միապետը ստիպված եղավ ստորագրել Հայ եկեղեցու գույքի վերադարձման և հայկական դպրոցների վերաբացման մասին որոշումը)։ Սա՝ դեռ մի կողմ, խնդիրն այն է, թե ի՞նչ կապ ունի Նիկոլայ 2-րդը Հայոց ցեղասպանության հետ: Պատմությունից հայտնի է, որ Նիկոլայ 2-րդը խուսափել է արծարծել Հայկական հարցը: Կայսրն անտարբեր էր Օսմանյան կայսրությունում 1894–96 թթ. հայերի կոտորածների նկատմամբ։ 1914-ի նոյեմբերին Թիֆլիս ժամանած Նիկոլայ 2-րդը Գևորգ Ե կաթողիկոսի հետ քննարկել է պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի 6 նահանգների և Կիլիկիայի տարածքներում ստեղծվելիք ինքնավար Հայաստանի ծրագիրը, սակայն պատերազմի ժամանակ հրաժարվել է Արևմտյան Հայաստանին ինքնավարություն տալու՝ իր խոստումից:
Ինչևէ, պատմությունը՝ մի կողմ, փորձենք հասկանալ, թե ինչպես է միապետի կիսանդրին հայտնվել հայոց թեմի առաջնորդարանի տարածքում: Yerkir.am-ի հետ զրույցում Ռուսաստանի և Նորք Նախիջևանի հայոց թեմի մամլո խոսնակ Ալվարդ Նազարյանը հայտնեց, որ «Հայոց ցեղասպանություն. ռուսական հայացք» խորագրով ցուցադրության ավարտին կիսանդրին ընծայաբերվել է եկեղեցուն կից գործող թանգարանին Ուղղափառ պաղեստինյան կայսերական ընկերության և ռուսական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված նախաձեռնող խմբի կողմից:
Նազարյանը նշեց, որ հիշյալ ցուցադրությունն անցկացվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի նախաձեռնությամբ կազմակերպված՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հայագիտական գիտաժողովի շրջանակներում:
Հարցին, թե ցուցադրությունից հետո որտե՞ղ է տեղադրվելու կիսանդրին, հայոց թեմի ներկայացուցիչը պատասխանեց, որ դա թանգարանի տնօրինությունը կորոշի: «Նիկոլայ 2-րդի կիսանդրու հայտնվելը թանգարանում բացատրվում է նրանով, որ 1915-ին Նիկոլայ 2-րդի հրամանով 550 հայ գաղթականներ կարողացել են մտնել ռուսական տարածք: Կիսանդրու վրա գրված է, որ այն հենց այդ խորհուրդն ունի»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե նույն կայսեր օրոք փակվեցին հայկական դպրոցներն ու բռնագրավվեց եկեղեցական գույքը, Նազարյանը պատասխանեց. «Ես ոչինչ չեմ կարող ասել և դատապաշտպանի դեր չեմ կարող ստանձնել»:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ