Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
7or.am-ը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի դիպուկ բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դրել է բանակցային սեղանի վրա։ Այսինքն՝ ոչ թե Հայաստանն է հարց քննարկում այլոց հետ, այլ այլոք քննարկում են Հայաստանի հարցը։
Փաշինյանը երեք տարում Հայաստանին բանակցային սուբյեկտից վերածեց բանակցային օբյետկի։ Նա հանձնեց Արցախն ու առևտրի առարկա դարձրեց Հայաստանը։ Բայց դա Նիկոլին չի մտահոգում, քանզի իր համար կարևորն աթոռն է ու թալանի հնարավորությունը։
Ինչ մնում է բանակցային սեղանի վրա հայտնվելու ժամանակագրությանը, ապա ամեն ինչ սկսեց 2018–ի մայիսի 9–ից։ Այսինքն՝ վարչապետ դառնալու հաջորդ օրվանից։ Նիկոլն այդ օրը Ստեփանակերտում հայտարարեց, որ Արցախի փոխարեն չի բանակցելու, քանզի չունի մանդատ, և որ պաշտոնական Ստեփանակերտը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ։
Նիկոլի այդ մոտեցումը չընդունվեց միջնորդների ու Ադրբեջանի կողմից։ Եղան կոշտ հայտարարություններ, որոնցից հետո Նիկոլը գլուխը կախ գնաց բանակցությունների՝ պարտվածի ու սեփական առաջարկի տակ մնացածի կարգավիճակով։
Նիկոլը բանակցում էր Արցախի փոխարեն, բայց հրապարակավ ցույց էր տալիս, թե, իբր, բանակցություններ չկան։
Հետո Նիկոլը հայտարարեց, որ բանակցում է սեփական զրոյական կետից, ինչը փաստացի նշանակում էր մերժել Մադրիդյան սկզբունքները։
2018–ի մայիսի 9–ից մինչև 2020–ի սեպտեմբերի 27–ը Նիկոլն այնպես փլուզեց բանակցային գործընթացը, այնպես զրոյացրեց ՀՀ դիվանագիտական կապիտալն ու մենակ թողեց Հայաստանին, որ Ալիևը հնարավորություն ստացավ գրոհելու և աշխարհից որևէ դատապարտում չստանալու։
Նիկոլը պատերազմ ու պարտություն բերեց մեր գլխին։ Եվ ահա այդ պարտության արդյունքում Հայաստանն այժմ զրկվել է սուբյեկտայնությունից։
Արցախին բանակցային սեղան վերադարձնող Նիկոլի վարած քաղաքականության արդյունքում Արցախը զրկվեց պետականությունից, հայ ժողովուրդն՝ իր հազարավոր զավակներից։
Արցախի բանակցային սեղան վերադարձնող Նիկոլն այժմ ինքն է հայտնվել բանակցային սեղանի վրա՝ իր օրին դնելով նաև մեր երկիրը։
Հիմա ոչ թե Նիկոլն է հարց քննարկում, այլ ՌԴ–ի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ղեկավարներն են քննարկում Հայաստանի հարցը։ Պատահական չէ, որ հիմա Սյունիքից ավելի շատ իրանցիներն են խոսում, քան պաշտոնական Երևանը։ Ադրբեջանի ու Թուրքիայի նախապայմաններին արձագանքում է Մոսկվան, այլ ոչ թե Երևանը։
Դատելով ամենից՝ Նիկոլը բանակցային սեղանի վրա իրեն վատ չի զգում։ Ավելին՝ թուլացել ու հաճույք է ստանում։ Թե ում տակ կհայտնվի Հայաստանը, իրեն չի հետաքրքրում։ Կարևորն իր համար աթոռին մնալն է ու պետական բյուջեն սեփական դրամապանակի վերածելը»։