Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շաբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունից հետո կրկին ակտիվացել են իշխանության ներսում տարբեր թեւերի գոյության մասին խոսակցությունները: Այսօր ԱԺ-ում մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ այդ խոսակցություններին, մասնավորապես` «իր եւ վարչապետի թեւերի մասին»:
«Նման թեւեր գոյություն չունեն մեր կուսակցությունում, մեր թիմի մեջ: Պարզապես մարդիկ կան, որ փնտրում են թեւեր, չգիտեմ` ինչ թեւեր են փնտրում, ում թեւերն են, ում ականջներն են փնտրում: Չկա նման բան»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
Նա եւս մեկ անգամ անդրադարձավ ԱԺ-ում ՎՊ հաշվետվության վերաբերյալ իր ելույթին, որը ոմանց հիմք էր տվել ասելու, թե սա իշխանության ներսում առկա թեւերի ապացույցն է: Աբրահամյանը նշեց, որ իր ամփոփիչ ելույթում էլ է ասել, որ բոլորն են պատասխանատու թերացումների, յուրացումների համար, եւ որ թիմում չունեն որեւէ մեկի հետ պայմանավորվածություն, որ պետք է տվյալ անձը գա որեւէ պաշտոնի եւ զբաղվի թալանով, յուրացումներով:
Լրագրողների դիտարկմանը, որ իր այդ ելույթից հետո հրապարակվեց փաստաթուղթ, որ ԱԺ նախագահի բարեկամները էժան դիզվառելիք են գնել, Աբրահամյանն արձագանքեց, որ այդ դիզվառելիքից օգտվել են բոլոր հողօգտագործողները, այդ թվում` իր բարեկամները, որեւէ խախտում այդտեղ չկա: Ըստ ԱԺ նախագահի` թեեւ «որոշ ծախու լրատվամիջոցներ գրեցին, որ այդ դիզվառելիքը անապահով խավերի համար էր, բայց դա այդպես չէր, կառավարության նման որոշում չկար»:
Yerkir.am-ը Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե իր համար տարօրինակ չէ՞ր, որ նախագահը շաբաթ օրվա խորհրդակցության ժամանակ որեւէ բառ չասաց վարչապետի անվան հետ կապված օֆշորային սկանդալի վերաբերյալ: «Ընդհանրապես ես չեմ էլ հավատում այդ օֆշորային սկանդալին, որեւէ լուրջ հիմնավորում չեմ էլ տեսել մինչեւ հիմա որեւէ ԶԼՄ-ում»,- հայտարարեց ԱԺ նախագահը: