Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ բնապահպանության նախարարությունն ամեն անգամ իր աշխատաոճով զարմացնում է մեզ, պարզապես ապշեցնում իր հնարամտությամբ ու աճպարարությամբ: Սակայն, իհարկե, ամեն անգամ ինչ-որ մի բան ջրի երես է դուրս գալիս ու փաստում, որ, օրինակ, նախարարությունում չեն տիրապետում ՀՀ որոշ օրենքների. նախարարությանն ուղղված շատ նամակների եւ հարցադրումների հեղինակները կա'մ սպասում են երկար, կա'մ էլ պատասխան ստանալուց հետո հասկանում, որ զուր են այդքան սպասել, քանի որ չեն ստանում իրենց կոնկրետ նամակների ու հարցադրումների պատասխանները: Եվ այդպիսի փաստերը բազմաթիվ են:
Այս անգամ նման պատմության մեջ է հայտնվել Գավառի «Օրհուս» կենտրոնը, որը դեռեւս սույն թվականի ապրիլի 29-ին հարցում էր ուղղել ՀՀ բնապահպանության նախարարություն` ակնկալելով ստանալ պաշտոնական տեղեկատվություն Սեւանա լճի բարձրացման հետեւանքով ջրածածկ անտառային տարածքների ընդհանուր մակերեսի, ըստ տեղամասերի մինչ օրս մաքրված եւ դեռեւս մաքրման ենթակա անտառային տարածքների, ինպես նաեւ «Վոթերմաստեր կլասիկ III»-ի օգնությամբ մաքրված տարածքների ու մեքենայի շահագործման ծախսերի վերաբերյալ:
Yerkir.am-ի հետ զրույցում Գավառի «Օրհուս» կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը հայտնեց, որ հարցումն արվել է Օրհուսի համաձայնագրում նախանշված ձեւով՝ հստակ ձևակերպումներով եւ կոնկրետ հարցադրումներով: Այն է` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` հարցման պատասխանը պետք է տրվեր 5-օրյա ժամկետում կամ տեղեկացվեր, որ պահանջվող լրացուցիչ աշխատանքի անհրաժեշտության պատճառով այն կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Օրհուսի կոնվենցիայի դրույթների համաձայն` ըստ անհրաժեշտության հարցմանը կարելի էր պատասխանել նաև երկամսյա ժամկետում, իհարկե, կրկին 5-օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնելու պայմանով:
Վերոհիշյալ կենտրոնի համակարգողը նամակն ուղարկելուց մեկ շաբաթ անց փորձել է նախարարությունից տեղեկանալ, թե ինչ ընթացքում է նամակի պատասխանը, նրան հայտնել են, որ կպատասխանեն (երկու ամսվա ընթացում Լ. Ասոյանը ԲՆ է դիմել մոտ 10 անգամ): Եվ վերջապես նամակի պատասխանը հասցեատիրոջն է հասնել ս.թ. հունիսի 22-ին: ՀՀ ԲՆ աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանի ստորագրությամբ պատասխան նամակում նշված է. «Ի պատասխան Ձեր` 2013 թվականի ապրիլի 29-ի թիվ AA-008 գրության, հայտնում ենք, որ Ձեզ հետաքրքրող տեղեկությունները տեղադրված են ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am»:
Ընդ որում` նամակից երեւում է, որ այն գրվել է մարտի 19-ին (Գավառի «Օրհուս» կենտրոնը հարցում է արել 2013 թ. ապրիլի 29-ին), այսինքն` բնապահպանության նախարարությունում հավանորեն գուշակ կա, որը հայտնում է, թե, ասենք` մեկ ամիս անց Գավառի «Օրհուս» կենտրոնից այսինչ բովանդակությամբ հարցում եք ստանալու, պատրաստվեք: Բայց մարտին գրված պատասխան նամակն էլ բնապահպանության նախարարությունից մինչեւ Գավառ ընկած հեռավորությունը կարողանում է «հաղթահարել» միայն հունիսին:
Ի դեպ, ուսումնասիրելով պատասխան նամակում նշված պաշտոնական կայքը` այդպես էլ չհաջողվեց Գավառի «Օրհուս» կենտրոնի ակնկալած պատասխանը. «Շրջակա միջավայր» բաժնի «Ջուր» ենթաբաժնում ընդամենը կցկտուր մի տեղեկատվություն կա Սևանա լճի բարձրացման հետևանքով ջրածածկ եղած անտառային տարածքների և այդտեղ կատարվող մաքրման աշխատանքների վերաբերյալ: