կարևոր
988 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-19 09:16
Հասարակություն

Իշխանությունների հերթական խայտառակությունը. «Ժողովուրդ»

Իշխանությունների հերթական խայտառակությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ սենսացիոն լուր տարածեց հայկական ամենահեղինակավոր ակումբներից մեկի՝ Հայաստանի գործող չեմպիոն Երեւանի «Փյունիկ»-ի սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանը: Նա հայտարարեց, որ դադարեցնում է իր ֆուտբոլային գործունեությունը եւ վաճառքի է հանում թիմը։ Իր խոսքում գործարարը մեղադրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը՝ իրեն այդ քայլին դրդելու համար։ Բացի ֆուտբոլի ու ՀՀ-ի համար իմիջային ողբերգություն լինելուց, այս իրողությունը նաեւ գալիս է փաստելու, որ գործող իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, տապալում է նաեւ այս ոլորտը։

ՀՖՖ-ն դարձել է ՔՊ-ականների բիզնես միջավայր. մամուլը բազմիցս գրել է, որ այնտեղ ֆինանսական հետաքրքրություններ ունեն Հակոբ Սիմիդյանը, Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Երեւանի կոռուպցիոներ պաշտոնյայի համբավ ստացած փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, եւ հաճախ ՀՖՖ-ի հետ արտասահմանյան գործուղումների մեջ կարելի է տեսնել նաեւ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին ու այլոց։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնք, մեղմ ասած, փաստել են, որ այս ՔՊ-ականներն են իրականացնում ֆեդերացիայի կողմից պատվիրված շինարարությունները:

Վերջին դեպքը «ՆՈԱ» ակումբի միջազգային խաղի ժամանակ Աբովյանի մարզադաշտի հոսանքազրկումն էր, իսկ այդ ենթակառուցվածքի շինարարությունը, ըստ լրագրողական հետաքննության, կապված էր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի շրջապատի հետ։ Էլ չենք խոսում այն մասին, որ Ֆուտբոլի ակադեմիայի սաունան ու լողավազանը օգտագործվել են ՔՊ-ական հավաքների համար, ինչի մասին գրվել է վաղուց։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահել իր աջակցությամբ ընտրված Արմեն Մելիքբեկյանին, ում օրոք հայկական ֆուտբոլը հետընթաց է ապրում. բոլոր տարիքային հավաքականները խայտառակ արդյունքներ են գրանցում, իսկ ազգային թիմը կրում է պարտություն պարտության հետեւից. դե իսկ եզակի հաղթանակներն ընկալվում են որպես բացառություն։ Այս ընթացքում Փաշինյանը հայտարարում է, որ մեր հավաքականը խոշոր մրցաշարում մեդալակիր է դառնալու: Իհա՛րկե, դառնալու է, բայց ո՛չ այսպիսի ագահության, անհայրենասիրության ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցման պարագայում։

Հիշեցնենք, որ ՀՖՖ այս ղեկավարության օրոք «Փյունիկ»-ը կարող է դառնալ ֆուտբոլից «հեռացած» հերթական ակումբը բարձրագույն խմբերից՝ «Լոռի», «Նորավանք», «Գանձասար» (վերջինս այս տարի վերադարձավ ճնշումների շնորհիվ): Հիշեցնենք նաեւ, որ «Սեւան» ակումբի սեփականատերը նույնանման խնդրի պատճառով տեղափոխվեց ու ներդրումներ արեց վրացական ֆուտբոլում։

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասնում, որ սեզոնի ավարտից հետո ՀՖՖ-ի քայլերի պատճառով ֆուտբոլից դուրս գալու մասին հայտարարելու են եւս երկու ակումբներ, որոնց թիվը կարող է ավելանալ։ Ակումբային ֆուտբոլը Հայաստանում եկամտաբեր չէ, ու այն պահվում է գործարարների միջոցներով, ըստ որոշ տեղեկությունների՝ թիմ պահելը Հայաստանում տատանվում է տարեկան 1 մլն դոլարից մինչեւ 7-8 մլն, սակայն ֆուտբոլը նախ աշխատանք է երիտասարդների հետ, ժամանց՝ հասարակության լայն շերտերի համար ու պետության հեղինակություն։

Տարօրինակ է, որ ֆուտբոլի գահավիժմանը չեն արձագանքում ֆանակումբները, որոնք Ռուբեն Հայրապետյանի ժամանակ շատ «ակտիվ ու հայրենասեր» էին»: