ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանն արձագանքել է ՀՀ ԿԳՄՍՆ «Հասարակական գիտություններ / հայոց պատմություն» առարկայական չափորոշիչները և ծրագրերը լրամշակող փորձագետների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանի՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Սահմանագիծ» հաղորդման ընթացքում հնչեցրած մտքերին։
Ստորև ներկայացնում ենք ամբիոնի վարիչի անդրադարձը.
««Կենտրոն» հեռուստաընկերության նոր՝ «Սահմանագիծ» հաղորդաշարի առաջին հաղորդումը, որ եթեր հեռարձակվեց ս․թ․ սեպտեմբերի 11-ին, նվիրված էր կրթական չափորոշիչներին և հարակից հարցերին։ Չցանկանալով անդրադառնալ հաղորդման ընթացքում հնչած բազմաթիվ մտքերին, պետք է արձանագրեմ հերթական սուտն ու յուրօրինակ խառնակչությունը, որ կատարեց պատմության և հասարակական գիտությունների առարկայական չափորոշիչները մշակող խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը։ Մասնավորապես, այն փաստին, որ պատմության չափորոշիչները քննադատվել են ԵՊՀ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի համապատասխան ամբիոնների և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի կողմից, նա որպես հակափաստարկ, հիշատակեց «Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի կարծիքը, որը, հակառակը, հակագիտական է համարել Հայոց պատմության ամբիոնի կողմից ներկայացված կարծիքը» (հաղորդման
հղումը՝ տե´ս 19-45-ից)։
Ես զանգահարեցի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանին՝ ճշտելու եթերով հնչած հայտարարության իսկությունը։ Պավել Ավետիսյանը շատ զարմացավ այդ հայտարարությունից՝ նշելով, որ ՆՄԱՆ ԲԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, քանի որ ինքն անգամ չի կարդացել Հայոց պատմության ամբիոնի կարծիքը․ ինչպե՞ս կարող էր կարծիք հայտնել վերջինիս մասին․․․
Լավ, մինչև ե՞րբ․․․
Ինչքա՞ն կարելի է սեփական սխալներն ու բացթողումները գիտակցելու և ուղղելու փոխարեն՝ զբաղվել ստախոսությամբ և փորձել իրար դեմ հանել մասնագիտական աշխարհի ներկայացուցիչներին․․․
Հ․Գ․ Ի դեպ, ոչ վաղ անցյալում Լիլիթ Մկրտչյանի՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ կապված սուտ հայտարարության մասին խոսվում է հենց այս հաղորդման ընթացքում․․․»:
Տես նաև՝ Չափորոշիչներում պատճենված են անգամ մեր վրիպակները. ԵՊՀ դոցենտը հանրայնացրել է գրագողության մանրամասները:
Տես նաև՝ «Չափորոշիչներին ծանոթ չեմ». Լիլիթ Մկրտչյանի՝ ևս մի ստի հետքերով:
Տես նաև՝ Թուրքերի հետ դասագիրք կազմածների մտածողությունն առկա է պատմության չափորոշիչներում. Ա. Մովսիսյան:
Տես նաև՝ Լ. Մկրտչյանի հայտարարությունը բացահայտ կեղծիք է. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ: