Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ, շարունակվեց Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետի, նրա տեղակալի և ևս 18 անձի, այդ թվում` մարզի դպրոցների մի շարք տնօրենների վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Պարգև Համբարձումյանը, զբաղեցնելով ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնը, այսինքն` հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում, նախնական համաձայնության գալով դպրոցների տնօրենների հետ, նրանց միջոցով դպրոցներում աշխատանքի ընդունելու համար տարբեր քաղաքացիներից, որպես կաշառք, պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ, ինչպես նաև` 2010-2013 թվականների ընթացքում, դպրոցի տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, դպրոցի դրամական միջոցներից յուրացման եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:
Դատական նիստի ընթացքում դատախազը հրապարակեց Պարգև Համբարձումյանի և Արագածոտնի մարզի մի շարք դպրոցների տնօրենների և ուսուցիչների միջև հեռախոսային և առերես խոսակցությունների արձանագրությունները, ըստ որոնց` Համբարձումյանը նրանցից պահանջել է տարբեր չափի գումարներ:
Ըստ հրապարակված արձանագրությունների`Համբարձումյանը վերոնշյալ զրույցների ընթացքում տնօրեններից ոչ միայն գումարներ է պահանջում, այլև ոմանց բավական կոշտ շեշտադրությամբ հորդորում է առանց իր իմացության որևէ ուսուցչի չընդունել աշխատանքի:
Պաշտպանող կողմը արձանագրությունների ընթերցման ընթացքն ընդհատեց և առաջարկեց դրանք ամբողջությամբ չընթերցել, քանի որ դա կարող է բավականին ժամանակ խլել: Պաշտպանող կողմի պատճառաբանությամբ` արձանագրությունները կարող են պարզապես պահպանվել` որպես ապացույց, և ամբողջությամբ ընթերցելու անհրաժեշտություն չկա:
Դատախազն առարկեց` նշելով, որ խոսակցությունների արձանագրությունների հրապարակումը նաև դահլիճում ներկաների համար է, որպեսզի նրանք ամբողջական պատկերացում կազմեն դեպքերի մասին, ապա շարունակեց արձանագրությունների ընթերցումը:
Պատասխանող կողմը դատարանից լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու միջնորդություն խնդրեց և դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 27:
Նշենք, որ, Արագածոտնի մարզում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Պարգև Համբարձումյանը նախկին մարզպետի՝ Սարգիս Սահակյանի հովանավորյալն է: