Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայում զանգվածային բախումները ոստիկանության հետ այլեւս նախկինի նման չեն. որոշ վայրերում, օրինակ` Անկարայում, բախումները դեռեւս կան, բայց արդեն, կարծես, իշխանությունների հետ բանակցությունների գործընթաց է ընթանում. Yerkir.am-ի հետ զրույցում Թուրքիայում ընթացող բողոքի ցույցերի ու ներքին զարգացումների կապակցությամբ ասաց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը:
Կառավարության դեմ ընդվզած ակտիվիստները հանդիպել են վարչապետի հետ, եւ արդեն կարծիք-տեսակետ է հասունանում, որ, մասնավորապես` Ստամբուլի Գեզի այգու վերակառուցման հարցերը, որն էլ բախումների պատճառ էր դարձել, պետք է կարգավորվեն հանրաքվեով: Իշխանությունը, փաստորեն, համաձայնել է որոշ զիջումների գնալ, թեեւ տեւական ժամանակ մերժում էր:
«Եթե նախկինում իշխանությունը` վարչապետ Էրդողանը, բավական վճռական ու ինքնավստահ դիրքերից էր խոսում, հիմա, կարծես, ներկուսակցական քննարկումներում` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներսում, որոշ անդամներ ավելի հակված են ցուցարարների հետ երկխոսության կամ որոշակի մոտեցումների փոփոխության»,- ասաց թուրքագետը:
Տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացները, նրա կարծիքով, գուցե որոշակի ազդեցություն ունեն թուրքական զարգացումների վրա, բայց թուրքական հասարակության ներսում կուտակված խնդիրներով պետք է պայմանավորել դրանք, ինչպես նաեւ վերջին տարիներին Թուրքիայում բավականին զարգացած սոցցանցերով:
«Սա քաղաքացիական հատվածի ու Թուրքիայում առկա հիմնախնդիրների պոռթկումն է, փողոցային դրսեւորումն է: Ցանկանում եմ նշել մեկ կարեւոր բան եւս, ինչը հատկապես վերջին շրջանում, հատկապես` 2012-ի ըննտրություններից հետո Թուրքիայի քաղաքական կյանքում նկատվեց` Էրդողանի գլխավորած կուսակցության բավականին մեծ ինքնավստահությունը եւ քաղաքական հարցերում միանձնյա գործելաոճը ու հատկապես` Էրդողանի անձը: Հաշվի առնենք Էրդողանի` որպես միանձնյա առաջնորդ հանդես գալու հավակնությունները եւ որոշակի ավտորիտար տարրերի ուժեղացումը, ինչը, փաստորեն, հասարակության մի ստվար հատվածի մոտ բողոք առաջացրեց. նաեւ սա պետք է փաստել: Այսինքն` Էրդողանի շուրջ եւ նրա անձի հետ կապված քաղաքական կյանքում ավտորիտար դրսեւորումները հանդիպեցին քաղաքացիական հասարակության, քաղաքական որոշ շրջանակների բուռն հակազդեցությանը: Իսկ Գեզի այգու հետ կապված զարգացումներն ուղղակի պատրվակ էին, որպեսզի այդ բոլոր խնդիրները երեւակվեին»,- պարզաբանեց Լեւոն Հովսեփյանը:
Արտաքին ազդեցության մասին խոսակցությունները, որ սկիզբ առան թուրքական զարգացումների առաջին օրերին, թուրքագետի կարծիքով, իշխանություններն իրենք շեշտադրեցին, ինչը հասարակությանը բուն խնդրից շեղելու նպատակ էր հետապնդում:
«Ազգայնական-ազգայնամոլական որոշ շրջանակներ սկսեցին թիրախավորվել օտար ուժերը, սկսեց տարածում ստանալ դավադրությունների տեսությունը` թե արտաքին ուժեր են ներգրավված, հետապնդում են Թուրքիան թուլացնելու նպատակներ եւ այլն, ու նման տեսակետներ սկսեցին շրջանառվել նաեւ իշխանության ներկայացուցիչների կողմից: Արտաքին թշնամու կերպարը, որը Թուրքիայում միշտ աշխատող տարբերակ է, կրկին փորձեցին որպես թիրախ օգտագործել` վիճակը կարգավորելու, վերահսկողության տակ պահելու կամ ընդվզումը թուլացնելու համար»,- ներկայացրեց Լեւոն Հովսեփյանը:
Ի դեպ, ազգայանականների` «Ազգայնական շարժում» կուսակցության, «Գորշ գայլերի» եւ այլ նման խմբավորումների շրջանում, որոնք սկզբնական շրջանում, երբ բավականին լարված ու բորբոքված էր իրավիճակը, որոշակի ակտիվություն կար, այս դրույթը բավականին լավ աշխատեց, եւ որոշ ժամանակ հետո հենց այդ հիմնավորմամբ` «մենք չենք ծառայի օտարներին» եւ այլն, կուսակցության առաջնորդը հայտարարեց, որ ինքը չի աջակցում բողոքի գործողություններին:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ