Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդածություններ վերջին ուշագրավ լուրերի վերաբերյալ
- Անցյալ շաբաթ CNN հեռուստաալիքի եթերում ամերիկահայ հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսը կշտամբեց Միացյալ Նահանգներին Հայոց ցեղասպանության հարցում նրա երկակի ստանդարտների համար: Երբ հաղորդավարներ Քրիստիան Ամանպուրը և Անդերսոն Քուպերը քննադատում էին Իրանի կողմից հրեական Հոլոքոստի ժխտումը, Կիրակոսը նրանց հիշեցրեց նախագահ Օբամայի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` դրժած խոստման մասին: «Այդ տարածաշրջանում մեր ամենամեծ դաշնակիցը Թուրքիան է: Մինչև այժմ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Օբաման որպես թեկնածու խոսում էր դրա մասին. «Եթե ես ստանձնեմ նախագահի պաշտոնը, ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»: Նախագահ դառնալուց հետո նա ամբողջովին անտեսեց դա: Այնպես որ` առկա է դինամիկ քաղաքական խաղ, որը մի քիչ կեղծավոր է»,- հավաստիացրեց Կիրակոսը:
- Սեպտեմբերի 22-ին Գերմանիայում կայացած ընտրություններում գերմանական Բունդեստագում' երկրի խորհրդարանի ստորին պալատում, ընտրվել են թուրքական ծագում ունեցող 11 օրենսդիրներ՝ ավելի քան կրկնապատկելով նախորդ օրենսդիր մարմնում ունեցած իրենց թվաքանակը: Հայերը չպետք է կուրորեն քննադատեն այս 11 պատգամավորներին, քանի որ նրանցից ոմանք' լինեն թուրք կամ քուրդ, հնարավոր է համակիր լինեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային տուգանել է ավելի քան 200 հազար դոլարով մի թուրք ընտանիքի տունն առանց փոխհատուցման օտարելու համար: Դատարանը վճռել է, որ Թուրքիան խախտել է ընտանիքի սեփականության իրավունքը: Այս ընտանիքը սպառել էր թուրքական դատարաններում իր բոլոր բողոքարկումները մինչ ՄԻԵԴ դիմելը: Մի ընթերցող հետևյալ հեգնական դիտողությունն է տեղադրել Turkish Daily News-ի կայքէջում. «Թվում է, թե քրիստոնյա Եվրոպայի դատարանն ավելի հարգանքով է վերաբերվում մահմեդական թուրք ժողովրդին, քան մահմեդական դատարանները Թուրքիայում»:
- Եվրամիության հետ կապերի գծով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշն անցյալ շաբաթ հայտարարեց, որ «Թուրքիան, հավանաբար, երբեք չի դառնա Եվրոպական Միության անդամ' այդ դաշինքի ներկայիս անդամների կոշտ դիմադրության և կանխակալ վերաբերմունքի պատճառով»: Ինչպես միշտ, Բաղըշը սխալվում է: Թուրքիային չի հաջողվի դառնալ Եվրամիության անդամ ոչ թե արևմտյան նախապաշարումների, այլ իր երկրի օրենքները եվրոպական ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելուց հրաժարվելու համար:
- Սիրիայում «Ալ Քաիդայի» ահաբեկիչների կողմից հազարավոր քրիստոնյաներ, այդ թվում` հայեր, առևանգվել, սպանվել կամ խեղվել են, սակայն մինչև օրս եվրոպական կամ ամերիկյան որևէ պաշտոնյայի կողմից դատապարտման ոչ մի խոսք չի հնչել: Դեռ ավելին` արևմտյան ղեկավարները մահաբեր զենք են մատակարարում ծայրահեղականներին, որպեսզի նրանք կարողանան էլ ավելի շատ անմեղ մարդկանց կյանք խլել: Վաղուց ժամանակն է, որ արևմտյան աշխարհի հանրությունն իր զայրույթն արտահայտի զանգվածային բողոքի ցույցերով և սուր հանդիմանություններով: Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք է արգելի զենքի մատակարարումը Սիրիայում կռվող բոլոր օտարերկրյա զինյալներին: Անցյալ շաբաթ Սիրիայի Ռաքքա քաղաքում հայկական կաթոլիկ և հունական ուղղափառ եկեղեցիները պղծվել և կողոպտվել էին: Ջիհադականներն անամոթաբար մագլցել էին հայկական եկեղեցու գմբեթի վրա և խաչի փոխարեն տեղադրել իրենց սև դրոշը:
- Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևն անընդհատ և ակամա աջակցում է Հայ դատին' ատելի հայտարարություններ անելով, որը բացասական տպավորություն է ստեղծում միջազգային հանրության մոտ նրա երկրի մասին: Ալիևի վիրավորական հայտարարությունը, թե «Երևանը և Զանգեզուրն ադրբեջանական տարածքներ են» և «կգա ժամանակը ու մենք այնտեղ կապրենք», մտավոր խանգարում ունեցող մարդու զառանցանք է: Սպասվում է, որ հոկտեմբերի 9-ին Ալիևը երրորդ անգամ նախագահ կընտրվի, իսկ դա նշանակում է, որ հայ ժողովուրդը կշարունակի օգուտ քաղել նրա «օգտակար» հայտարարություններից ևս մի քանի տարի:
- Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բանավեճը սրվեց, երբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդես եկան միմյանց հակասող հայտարարություններով: Ստորեւ ներկայացված են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից հատվածներ, որոնցում նա մեղադրում է Ադրբեջանի հետևյալ գործողությունները`
ա/ ռազմատենչ և հակահայ ատելություն սերմանող հռետորաբանության օրեցօր ավելացում,
բ/ լայն մասշտաբներով հարձակողական զենքի աննախադեպ կուտակում,
գ/ տխրահռչակ ահաբեկչական կառույցների հետ սերտ կապ ունեցող վարձկանների օգտագործում,
դ/ կացնահարող մարդասպան Սաֆարովի փառաբանում Ադրբեջանի ղեկավարության կողմից:
Այնուհետև, Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ «Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և կանխարգելումը շարունակում են առաջնահերթություն հանդիսանալ Հայաստանի համար։ Մենք անհրաժեշտ քայլեր կնախաձեռնենք՝ ուղղված Ցեղասպանության հանցագործության նոր դրսևորումների կանխմանը` միաժամանակ առաջնային նշանակություն տալով մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության և ժխտողականության հարցերին... Որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ' Հայաստանն աներկբա ողջունում է ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը՝ բացառելու որևէ անձեռնմխելիության կամ ներման հնարավորություն մարդկության դեմ հանցագործություն կատարողների համար»:
Հարութ Սասունյան
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի