կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-12 17:04
Մշակույթ

Միխայիլ Ժվանեցկին, Յուրի Շևչուկը, Դմիտրի Շագինը` Երեւանում

Միխայիլ Ժվանեցկին,  Յուրի Շևչուկը, Դմիտրի Շագինը` Երեւանում

Այսօր Երևանում մեկնարկում է «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության «Բոլորն ուղևորվում են Երևան» խորագրով ծրագիրը:

 

«Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրն է ազգությամբ էստոնացի Մելիս Կուբիտսը: «Բոլորն ուղևորվում են Երևան» ծրագրի նպատակն է ծանոթանալ Հայաստանի մշակույթին և պատմությանը: Այն 2011 թ. Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում իրականացված «Օդեսան գնում է Տալլին» և 2012 թ. Ուկրաինայի Օդեսա քաղաքում իրականացված «Տալլինը գնում է Օդեսա» միջոցառումների շարունակությունն է:

 

Հունիսի 12-16-ը միջոցառման շրջանակում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան կժամանեն մշակույթի գործիչներ, լրագրողներ, գործարարներ` շուրջ 600 մարդ, այդ թվում՝ երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին /Ռուսաստան/, դերասան Ռոման Կարցևը /Ռուսաստան/, երգիչ, պոետ Յուրի Շևչուկը /Ռուսաստան/, արձակագիր Վալերի Խայիթը /Ուկրաինա/, գեղանկարիչ Դմիտրի Շագինը /Ռուսաստան/:

 

Այս օրերին մայրաքաղաք Երևանում և մարզերում կանցկացվեն 40-ից ավելի միջոցառումներ, կիրականացվի Սերգեյ Դովլաթովին նվիրված «Դովլաթովի օրեր» ծրագիրը, որի շրջանակում գրող, արձակագիր Ելենա Սկուլսկայան և գրականագետ Անդրեյ Արևը կանցկացնեն «Սերյոժա Դովլաթովի մասին» խորագրով կլոր սեղան, իսկ «Նաիրի» կինոթատրոնում կցուցադրվեն Ս. Դովլաթովի մասին պատմող վավերագրական ֆիլմեր: