կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-11 15:06
Իրավական

Ապաստան` բռնության ենթարկված կնոջը

Ապաստան` բռնության ենթարկված կնոջը

22-ամյա Նարինե Հակոբյանը ամուսնու` Հակոբի հետ ծանոթացել էր, երբ ընդամենը 18 տարեկան էր, իսկ ամիսներ անց ծնվել էր նրանց որդին: Սակայն շատ շուտով Նարինեն հասկացել էր, որ ամուսնու համար իր հետ բնակվելու միակ պատճառն իր կողմից ընտանիքին ցուցաբերվող ֆինանսական օգնությունն էր, մինչդեռ իր հանդեպ ո'չ ամուսնու և ո'չ էլ ընտանիքի մյուս անդամների կողմից որևէ հոգատարություն չէր ցուցաբերվում անգամ այն ժամանակ, երբ դեռ հղի էր: Ոչինչ չփոխվեց նաև երեխայի լույս աշխարհ գալուց հետո: Բնակվում էր իրենց եռամյա որդու, ամուսնու և վերջինիս ծնողների հետ: Նարինեին ստիպում էին աշխատել, պարբերաբար ծեծում և վատ էին վերաբերվում, իսկ երեխային թույլ չէին տալիս անգամ մոր հետ լիարժեք շփվել: Նա նույնիսկ անձնագիր չուներ, քանի որ ամուսնու ընտանիքն իրեն թույլ չէր տալիս հաշվառվել իրենց տան հասցեով: Նարինեն խուսափում էր վերադառնալ իր ծնողների տուն` վախենալով, որ իր պատճառով ծնողները կընկնեն ամոթալի դրության մեջ: 

 


Հայտնվելով անելանելի վիճակում` Նարինեն դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին: Մեկ անգամ չէ, որ բռնության ենթարկված կանայք Պաշտպանի միջամտությամբ ապաստան են գտել «Լայթ Հաուս» բարեգործական կազմակերպությունում և հնարավորություն ստացել կրկին վերադառնալ իրենց բնականոն կյանքին: 



Այժմ Նարինեն ևս իր որդու հետ բնակվում է Լայթ Հաուսում, հաճախում մատնահարդարման, համակարգչային և կարուձևի ուսուցման դասընթացների, ինչպես նաև հոգեբանի հետ աշխատանքների շնորհիվ փորձում է լիարժեքորեն ինտեգրվել հասարակություն: 



Պաշտպանի աշխատակազմը ձեռնարկելու է նաև բոլոր հնարավոր միջոցները կնոջ անձնագրի հետ կապված խնդիրները լուծելու համար:



Կնոջ անուն-ազգանունը փոխված է: 


ՄԻՊ գրասենյակ