|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիայում բողոքի ակցիաները ոչ միայն չեն հանդարտվում, այլեւ քաղաքական բնույթ են ստանում` ուղղված Էրդողանի կառավարության դեմ, եւ այդ ֆոնին արդիական է դառնում երկրի քաղաքական գործընթացներում բանակի դերի հարցը. գրում է Вестник Кавказа-ն:
Չնայած հարյուրավոր սպաների նկատմամբ մի շարք աղմկահարույց դատավարությունների, որոնք հարուցվել են կառավարության կողմից, զինվորականները շարունակում են լուրջ քաղաքական ուժ լինել Թուրքիայում` կառավարության կողմից փաստացի չվերահսկվող: Զանգվածային ցույցերի պայմաններում երկրի իշխող իսլամական վերնախավը չպիտի մոռանա, որ Թուրքական Հանրապետության պատմության ընթացքում բանակային գեներելներն արդեն 4 անգամ տապալել են իրենց ոչ հաճո կառավարությունները:
Սակայն ներկայումս բանակը դեռեւս ստվերում է մնում, մինչդեռ երկրում կարգուկանուն հաստատելը ստանձնել է ոստիկանությունը եւ չի խորշում դաժան մեթոդներից: Ընդ որում` ոստիկանների մեծ մասը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը համակրող իսլամականներ են: Այլ պատկեր է բանակում. Էրդողանի փորձերը` բանակի կադրային քաղաքականությունը գլխավոր շտաբի վերահսկողությունից փոխանցել պաշտպանության նախարարին, այդպես էլ հաջողությամբ չպսակվեցին: Թուրքական բանակի սպաների գերակշիռ մասը աշխարհիկության կողմնակից է, հետեւաբար` ընդդիմադիր գործող իշխանությանը:
Ի դեպ, վերջին օրերին տեղի ունեցած մի շարք միջադեպեր հիմք են տալիս` նման բան ասելու: Այսպես` Ստամբուլի ռազմական հոսպիտալի աշխատակիցներն արցունքաբեր գազից պաշտպանող դիմակներ են բաժանել ցուցարարներին: Ստամբուլյան զորանոցներից մեկի զինվորները ճանապարհ են բացել սանիտարների համար, որպեսզի նրանք կարողանան մոտենալ վիրավոր ցուցարարներին: Իսկ Թուրքիայի Հաթայ նահանգում զինվորները կենդանի պատ են կազմել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Փաստորեն, զինվորականները ցուցադրել են Էրդողանին ենթակա ոստիկաններին, որ բռնությունների ուժեղացման դեպքում լուրջ քայլերի կդիմեն: