կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-07 21:00
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի պաշտպանության բանակը առայժմ կպահպանվի՝ որպես անվտանգության կարևոր գործոն․ Ալեքսանդր Մարգարով

Եռակողմ հայտարարության ստորագրումից մոտ մեկ ամիս անցել է, բայց գործուն քայլեր չենք տեսնում անգամ ամենաառանցքային խնդիրների լուծման ուղղությամբ․ սահմանազատման աշխատանքները կատարվում են առանց հայկական կողմի մասնակցության, գերիների փոխանակման հարցով զբաղվում են միայն ռուսական և ադրբեջանական կողմերը։

Քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց, որ պետության կայունությունը գնահատում են նաև նրանով, թե որքանով է ի վիճակի արձագանքել այն հիմնարար միջավայրային փոփոխություններին, որոնք կան։

«Համապատասխանորեն, եթե պետությունը դժվարանում է արձագանքել այն խնդիրներին, որոնհք առկա են, հնարավոր է ասել, որ պետության մեջ կան խնդիրներ կայունության հետ կապված։ Այս տեսանկյունից, եթե խոսում ենք անվտանգային բաղադրիչի մասին, պարզ է, որ պետությունը նաև պետք է իրականացնի գործողություններ՝ ուղղված սահմանների, քաղաքացիների, ենթակառուցվածքների անվտանգության ապահովմանը։ Ինչքան ավելի ունակ է պետությունը դա անել, այնքան ավելի ուժեղ է, ինչքան ավելի քիչ է հնարավոր դա անել, այնքան ավելի խնդրահարույց է կառավարության արդյունավետությունը»,-ասաց նա։ 

17 կուսակցությունների նախաձեռնած՝ Հայրենիքի փրկության շարժմամբ՝ ընդդիմադիր դաշտի խմորման փորձ նա տեսնում է, բայց ասում է՝ ինչպես շատ անգամ լինում է Հայաստանում, դաշտը ձևավորված է նեգատիվ օրակարգով՝ ինչ-որ բանի դեմ, այս դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման դեմ։ Այն դեպքում, որ Փաշինյանը բացարձակապես չի պատրաստվում հեռանալ իշխանությունից, իսկ ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը չի ցանկանում անվստահություն հայտնել նրան։

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները նա ընկալում է իբրև նախկին «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարների մեկի և ՀՀ առաջին նախագահի կարծիք և վստահ չէ, որ ինչ-որ կերպ հնարավոր է տեսնել, թե ինչպես կարող է Լևոն տեր-Պետրոսյանը դառնալ երկրի ղեկավար։

«Լուսավոր Հայաստան» կուսկացության մասին ասում է՝ միայնակ իշխանության հասնելը բարդ կլինի, որովհետև հաջորդ ընտրություններում պայքարը լինելու է Փաշինյանին կողմ և դեմ զանգվածների միջև։ Մարգարովը սոցհարցման արդյունք է վկայակոչում, որի համաձայն՝  մարդկանց 1/3-ը դեմ է Փաշինյանին, 1/3-ը՝ կողմ է, իսկ նրանք, ովքեր կողմ են, կարող են դառնալ Փաշինյանի հենարանը։ Թեև չի բացառում, որ ԼՀԿ-ի դեպքում լինի քաղաքական առևտրի հնարավորություն՝ հետո այլ դիվիդենտներ շահելու համար։

Նա նաև բարդ է համարում 17 կուսակցությունների՝ իշխանության հասնելու հեռանկարը, քանի որ իշխանության ներկայացուցիչների կողմից ընդհանրապես չենք տեսնում անգամ իշխանությունից հեռանալու երկխոսության պատրաստակամություն։  

Այսուհանդերձ, ըստ նրա, ժողովուրդը տեսնում է, որ այժմ տապալված է երկրի ոչ միայն ռազմական, արտաքին քաղաքականությունը, այլև տապալված է տնտեսությունը, սոցիալական տարրը, դժգոհություն կա գործող իշխանությունների ամբողջ քաղաքականությունից և կոմպետենտության պակասից։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե՝ Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից վերածվում է կայունության տարածաշրջանի, Ալեքսանդր Մարկարովն այսպես է մեկնաբանում․ «Խաղաղությունը երկարատև և կայուն լինում է այն ժամանակ, երբ կարողանում եք հասնել կողմերի բավարարվածության։ Այս տեսանկյունից, Հարավային Կովկասում կայուն խաղաղություն չենք տեսնում ո՛չ Վրաստանի տեսանկյունից, որովհետև բացարձակապես գոհ չեն Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակով, բացարձակապես բավարարվածություն չունենք Ադրբեջանում, որովհետև այնտեղ, բնականաբար, զարգանալու են տրամադրություններ ռուս խաղաղապահների ներկայության դեմ և Արցախի մի մասը շարունակում է հանդես գալ որպես ինքնակառավարվող տարածք, և, բնականաբար, կա դժգոհություն Հայաստանում այն արդյունքներից, որն արձանագրվել է հայտարարությամբ։ Այսինքն, ասել, որ մենք ունենք ներքին գործոններ, որոնք ապահովելու են կայունությունը, բարդ է։ Բայց մենք ունենք արտաքին միջավայր, որը տարածաշրջանը փորձում է դարձնել կայուն»։

Նա նկատեց, որ մեր տարածաշրջանն աչքի էր ընկնում նրանով, որ արտաքին ազդեցությունը հեշտությամբ փոխում էր միջավայրը՝ այդ թվում կայունության միջավայրը հարավկովկասյան տարածաշրջանում։ Նույնն էլ այսօր՝ արտաքին գործոնը ազդեց, որ պատերազմի ակտիվ ֆազան դադարեց։ Նա նշեց, որ Լավրովը նաև ասում է, որ տարածաշրջանը նոր դուրս է գալիս կոնֆլիկտի տաք փուլից․ արդյո՞ք տաք փուլից դուրս գալով՝ պայմաններ լինելու են խաղաղության և սառը փուլին անցնելու համար, դա, ըստ նրա, պայմանավորված է նաև Հայաստանի ու Ադրբեջանի ներքաղաքական գործոններով։

Արցախում հայկական զինված ուժեր կմնա՞ն, թե՞ ոչ՝ Ալեքսանդր Մարգարովի կանխատեսմամբ՝ ԼՂՀ պաշտպանության բանակը առայժմ կպահպանվի այնտեղ որպես Արցախի անվտանգության կարևոր գործոն։

Դրանից հետո՝ ինչ փոխհարաբերության մեջ էլ լինենք ադրբեջանական կողմի հետ, Ալեքսանդր Մարգարովի դիտարկմամբ, արանքում առկա են լինելու խաղաղապահները, որոնց հիմնական գործառույթը ոչ միայն հումանիտարն է, այլև հրադադարի երկարատևությունը ապահովելը։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․